Ռուսաստանը և Ուկրաինան հայտնվել են փակուղային իրավիճակում, ինչը կարող է դրդել կողմերից մեկին կամ երկուսին էլ գնալ լարվածության սրացման, հայտնում է Ֆրանսպրես գործակալությունը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն:

Ըստ նրա՝ դա «շատ վտանգավոր» իրավիճակ է ստեղծում։

Եվրոպական շրջագայությունն ավարտելուց հետո՝ Պորտուգալիայում կանգառի ժամանակ, Ռուբիոն ասել է. «Սա չափազանց վտանգավոր պատերազմ է, որովհետև, անկեղծ ասած, այժմ, կարծես, պատային իրավիճակ է ստեղծվել։ Իսկ պատային իրավիճակները շատ վտանգավոր են»:

Նա հավելել է, որ Մոսկվայի և Կիևի միջև ցանկացած էսկալացիա կարող է արագ հանգեցնել հակամարտության ընդլայնմանը։

«Դա կարող է արագորեն երկու երկրների միջև պատերազմը վերածել շատ ավելի լայնածավալ և շատ ավելի վտանգավոր տարածաշրջանային հակամարտության»,- նախազգուշացրել է Ռուբիոն։

Նա նաև նշել է, որ կողմերը փորձել են բանակցությունների միջոցով հասնել կարգավորման։ «Մենք կշարունակենք փորձել»,-տնդգծել է ԱՄՆ պետքարտուղարը։

Ռուբիոյի հայտարարությունը հնչել է նույն օրը, երբ Ուկրաինան Ռուսաստանին մեղադրել է խաղաղ բնակիչների վրա միտումնավոր հարված հասցնելու մեջ, երբ առաջնագծին մոտ գտնվող Կրամատորսկում երկու ավտոբուսների պայթյունի հետևանքով զոհվել է 30 մարդ։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ այս հարձակումը «անպատասխան չի մնա»։

Ռուբիոն այս դրվագն ուղղակիորեն չի կապել հետագա լարվածության սրման հնարավորության հետ, սակայն նշել է երկարաձգված ռազմական փակուղու ընդհանուր վտանգը, որը կարող է կողմերից յուրաքանչյուրին դրդել ուժային ճանապարհով փորձել փոխել իրավիճակը։