կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Կբարելավվեն ձերբակալված և կալանավորված անձանց պահելու պայմանները

Կբարելավվեն ձերբակալված և կալանավորված անձանց պահելու պայմանները

Այս նախագծով առաջարկվում է Կառավարության որոշման մակարդակով սահմանել ձերբակալվածներին պահելու վայրերի շինության եւ կահավորման առանձնահատկությունները, որոնք անմիջականորեն կապված են հենց ձերբակալված անձանց իրավունքների երաշխավորմանը եւ նաեւ պետության պոզիտիվ պարտավորությունների կատարմանը. ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ասել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը փետրվարի 1-ին ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում` ««Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ:

Նրա խոսքով այս պահին գույքագրվում են Հանրապետությունում առկա 33 ձերբակալվածներին պահելու վայրեր` հասկանալու համար, թե ինչպիսի շենքային խնդիրներ են առկա, ինչ միջազգային ստանդարտներին պետք է համապատասխանեն այդ վայրերը եւ ըստ այդմ` կատարվեն որոշակի փոփոխություններ` ապահովվելու ձերբակալվածների իրավունքները:

Արփինե Սարգսյանը տեղեկացրել է, որ առաջինից երկրորդ ընթերցման ժամանակահատվածում բովանդակային որեւէ փոփոխություն չի կատարվել:

Հարակից զեկուցող, հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը նշել է. «Այս նախագծով օրենքում կատարված փոփոխությամբ Կառավարությանը վերապահվում է իրավունք, որպեսզի իր որոշմամբ սահմանվի ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու վայրերի շինությունների ձեւը, կարգը, որպեսզի դրանք համապատասխանեն միջազգային չափորոշիչներին»:

Հանձնաժողովը նախագծին տվել է դրական եզրակացություն:

  • Կիսվել: