երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հիմնավոր փաստեր կան՝ ՄԻԵԴ-ում ապացուցելու հայ գերիների խոշտանգման և սպանության դեպքերը. Եղիշե Կիրակոսյան

Հիմնավոր փաստեր կան՝ ՄԻԵԴ-ում ապացուցելու հայ գերիների խոշտանգման և սպանության դեպքերը. Եղիշե Կիրակոսյան

Հայկական կողմն ունի հիմնավոր փաստարկներ՝ ՄԻԵԴ–ում ապացուցելու պատերազմի ընթացքում և դրանից հետո գերության մեջ հայտնված հայ քաղաքացիական անձանց, ինչպես նաև զինծառայողների խոշտանգման և սպանության դեպքերը։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում հայտնեց ՄԻԵԴ–ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը՝ անդրադառնելով 19 ռազմագերիների, ազատազրկված անձանց խոշտանգելու, սպանելու փաստերի առնչությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված վերջին գանգատին։

Եղիշե Կիրակոսյանի խոսքով՝ 19 զոհերից առնվազն մի քանիսը պատերազմի ընթացքում տարածված տեսանյութերում երևացող անձինք են, որոնք կամ գլխատվել կամ դաժանաբար սպանվել են գերության մեջ։ Խոշտանգման փաստը հաստատվել է նաև որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերված կամ հայկական կողմին վերադարձված դիերի դատաբժշկական փորձաքննություններով։

ՄԻԵԴ–ում ՀՀ ներկայացուցչի համոզմամբ՝ սա Ադրբեջանի իրականացրած ռազմական հանցագործության հերթական օրինակն է։ Մասնավորապես, Միջազգային զինված ընդհարումների զոհերի պաշտպանության մասին ժնևի կոնվենցիաների համապատասխան արձանագրությամբ՝ արգելվում է հարձակման ենթարկել այն անձին, որը ճանաչված է, կամ որին տվյալ հանգամանքներում հարկ է ճանաչել որպես շարքից դուրս եկած անձ: Խոսքն այն անձանց մասին է, որոնք գտնվում են հակառակորդ կողմի իշխանության տակ կամ բացահայտորեն գերի հանձնվելու մտադրություն են արտահայտել։

«Դրվագներ կան գերեվարված անձանց գլխատման կամ գերիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, որոնք ակնհայտորեն վկայում են պատերազմական հանցագործության մասին»,–նշեց մեր զրուցակիցը։

Ըստ Կիրակոսյանի՝ թեև Եվրոպական դատարանը միջպետական գանգատի քննության ընթացքում վերլուծելու և գնահատական տալու է նաև Ժնևյան կոնվենցիայով նախատեսված դրույթների խախատմանը, սակայն Դատարանի հիմնական նպատակը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտումների մանրամասն ուսումնասիրությունը և այդ ուղղությամբ վերլուծություն անելն է։ Իրավաբանի խոսքով՝ պատերազմի ընթացքում և դրանից հետո Ադբեջանի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունների այլ դրվագներ ևս կան և հայկական կողմը պետք է ակտիվորեն աշխատի միջազգային տարբեր ատյաններում դրանց մասին բարձրաձայնելու ուղղությամբ։ Անդրադառնալով գերեվարված անձանց մասով Ադրբեջանի դեմ ՄԻԵԴ–ի կիրառած միջանկյալ միջոցներին, Կիրակոսյանը նշեց, որ ներկայումս Հայաստանից ՄԻԵԴ միջանկյալ միջոցի կիրառման դիմում է ներկայացվել ավելի քան 240 անձի վերաբերյալ, որոնց թվում կան արդեն իսկ հայրենադարձված կամ սպանված անձինք։

Նկատենք, որ Ադրբեջանը հաստատել է միայն 72-ի գերեվարության փաստը, որոնք դեռևս շարունակում են պահվել Ադրբեջանում։

Նշենք, որ ՄԻԵԴ ներկայացված միջպետական գանգատում Հայաստանը ներկայացրել է նաև Ադրբեջանի կողմից իրականացվող մշակութային ցեղասպանության, կրոնական վայրերի սրբապղծման ու ոչնչացման, դավանանքի իրավունքի խախտման դեպքեր։ ՄԻԵԴ–ում ՀՀ ներկայացուցիչը նշեց, որ այս ուղղությամբ փաստահավաք գործընթացը շարունակվում է։

Հայկական կողմը միջպետական գանգատի շրջանակներում կուսումնասիրի և ՄԻԵԴ–ին կներկայացնի նաև Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարի գմբեթի ապամոնտաժման և Շուշիից հայկական հետքի ոչնչացման դրվագները։

«Սրան զուգահեռ բազմաթիվ փաստեր կան նաև հայկական սրբավայրերի պղծման դեպքերի առնչությամբ, որոնք նույնպես պետք է քննության առարկա դառնան։ Հարցը պետք է դիտարկել քրիստոնեական դավանանքի օբյեկտների կամ հայկական մշակութային արժեքների նկատմամբ իրականացվող վերաբերմունքի արդյունքում քրիստոնյա հայ ժողովրդին հոգեկան տառապանքներ պատճառելու տեսանկյունից, ինչը կոնվենցիայով երաշխավորված խղճի և կրոնական դավանանքի ազատության իրավունքի խախտում է»,–նշեց նա։

Հարցին, թե նման դեպքերում հնարավո՞ր է արդյոք դիմել ՄԻԵԴ՝ պահանջելով այս մասով Ադրբեջանի դեմ որպես միջանկյալ միջոց կիրառել, Կիրակոսյանն արձագանքեց.

«Ցավոք, նման նախադեպեր չկան, քանի որ ՄԻԵԴ–ի կողմից միջանկյալ միջոցների ինստիտուտը շատ սահմանափակ կիրառելիություն ունի։ Դատարանի նախադեպային իրավունքը հիմնականում վերաբերվում է կյանքի իրավունքին և խոշտանգման արգելքին սպառնացող անդառնալի վնասի կանխարգելմանը»։

  • Կիսվել: