շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Իրանը գործարկել է առաջին օդային տաքսին

Իրանը գործարկել է առաջին օդային տաքսին

 Իրանն այսօր պաշտոնապես գործարկել է առաջին օդային տաքսին՝ բացելով ազգային ավիացիայի զարգացման նոր էջ: Այս մասին հայտնում է իրանական IRNA–ն:
 
Նշվում է, որ հանդիսավոր արարողության ընթացքում ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը հանդես է եկել տեսաուղերձով:
 
Օդային տաքսիների առաջին թռիչքը միացրել է Քերեջ և Ղազվին քաղաքները՝ սկիզբ դնելով կանոնավոր փոխադրումներին։
 
Հատուկ տնտեսական գոտու և միջազգային օդանավակայանի գլխավոր տնօրեն Փայամ Մոհսեն Հասանլուն ընդգծել է այդ իրադարձության կարևորությունը երկրի ավիացիոն ոլորտի համար:
«Օդային տաքսու գործարկելը կարևոր ձեռքբերում է, որը մեծ հեռանկարներ է խոստանում»,– հայտարարել է նա:
 
Հասանլուի խոսքով՝ տրանսպորտի նոր տեսակը կնպաստի Փայամի հատուկ տնտեսական գոտում նոր ներդրումների ներգրավմանը, ազգային տնտեսության խթանմանը և Ալբորզ նահանգի զարգացմանը:
 
Այս ծառայությունը թույլ կտա հանրությանն օգտվել ավիափոխադրումներից, իսկ ներդրողներին նոր հնարավորություններ կընձեռի։
 
«Օդային տաքսիների ներդրումը առանցքային դեր կխաղա քիչ բեռնված օդային երթուղիների աշխուժացման գործում»,– նշել է Հասանլուն:
Իրանում առաջին օդային տաքսու գործարկումը դիտարկվում է որպես նշանակալի քայլ երկրի տրանսպորտային ենթակառուցվածքների արդիականացման և ավիացիոն ծառայությունների հասանելիության ընդլայնման գործում:

  • Կիսվել: