Գյումրիի ավագանին հաստատեց 18 փողոցի հիմնանորոգման սուբվենցիոն հայտը
Գյումրիի ավագանին, արտահերթ նիստի ընթացքում, միաձայն կողմ քվեարկեց Հայաստանի Հանրապետության համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիա ստանալու և Շիրակի մարզի Գյումրի համայնքի «Գյումրի համայնքի երկրորդային 18 փողոցների հիմնանորոգում» սուբվենցիոն հայտին համաձայնություն տալու մասին որոշմանը։
Այդ 18 փողոցները երկրորդական փողոցներ են, չեն գտնվում Գյումրու պատմական կենտրոնում։ Դրանց ընդհանուր երկարությունը կազմում է 6041 մետր։ Հիմնանորոգման շրջանակում վերակառուցվելու են ինչպես փողոցները, այնպես էլ դրանց մայթերը, որոնք հիմնականում ներթաղամասային նշանակություն ունեն։ Ծրագրի իրականացման համար նախատեսված ընդհանուր ծախսը կազմում է 2 միլիարդ 291 միլիոն 334 հազար 200 դրամ։ Այս գումարի 55 տոկոսը՝ 1 միլիարդ 260 միլիոն 233 հազար 810 դրամը, կտրամադրի համայնքը, իսկ մնացածը՝ ՀՀ կառավարությունը։
Հաջորդ սուբվենցիոն հայտը վերաբերում է համայնքի կարիքների համար անհրաժեշտ տեխնիկայի և գույքի ձեռքբերմանը։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 170 միլիոն 235 հազար 194 դրամ, որից համայնքի ներդրումը 93 միլիոն 629 հազար 356 դրամ է։
Ավագանին միաձայն կողմ քվեարկեց նաև Գյումրիի մասնակցային բյուջետավորման գործընթացին։ Համայնքի մասնակցությունը ծրագրվում է իրականացնել համաֆինանսավորման եղանակով, որի չափը պետք է կազմի ծրագրի ընդհանուր արժեքի առնվազն 20 տոկոսը։ ՀՀ 2025 թվականի պետական բյուջեով Գյումրի համայնքին սուբվենցիա ստանալու համար սահմանված չափը կազմում է 81 միլիոն 452 հազար 600 դրամ։ Մասնակցային բյուջետավորման համար ներկայացված հայտերից հավանության է արժանացել թափառող շների կացարանի կառուցման ծրագիրը։
Նիստի ընթացքում քննարկվեց նաև նախկին «Սպիտակ» հիվանդանոցի շենքի տնօրինման հարցը։ Ներկայացվել են մի քանի առաջարկներ՝ շենքը վաճառելու կամ այլ նպատակներով օգտագործելու վերաբերյալ, սակայն դրանցից և ոչ մեկն ընթացք չի ստացել։ Քաղաքապետ Վարդան Ղուկասյանը հանդես եկավ առաջարկով՝ շենքը հիմնանորոգել և կրկին օգտագործել որպես հիվանդանոց։ Հնչեց նաև առաջարկ՝ այն վաճառել և ստացված գումարը ուղղել համայնքի այլ ծրագրերի ֆինանսավորմանը։ Ավագանին, ձայների մեծամասնությամբ, որոշեց չեղարկել շենքը օտարելու վերաբերյալ ավելի վաղ ընդունված որոշումը։