հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Բուլինգը ամենատարածված երեւույթներից է Հայաստանում. Անահիտ Մանասյան

Բուլինգը ամենատարածված երեւույթներից է Հայաստանում. Անահիտ Մանասյան

Մեր հանրային միջավայրում առկա հիմնական խնդիրն այս պահին  ծայրահեղ անհանդուրժողականության մթնոլորտն է, որը երբեւէ չի կարող տանել ճիշտ ճանապարհի, իրավական ճանապարհի, հակառակը՝ հանգեցնելու է հակաիրավական երեւույթների, որոնց այսօր ականատես ենք: Այս մասին, այսօր Երևանում ընթացող Ժողովրդավարության հայկական ֆորումի ժամանակ  նշեց Հայաստանի ՄԻՊ Անահիտ Մանասյանը:

Նրա խոսքով, ատելության խոսքը շատ սխալ հասարակական, քաղաքական ու իրավական մշակույթի է հանգեցնում. «Այո, ես համամիտ եմ, որ մեր հասարակությունում չկան խնդիրները լուծելու պատշաճ մեթոդների մասին թե տեղեկացվածություն, որովհետեւ դաստիարակությունը, այդ թվում դպրոցում, բոլորովին այլ կերպ են ստանում: Մասնավորապես, խնդիրը լուծելու մեթոդաբանությունը ոչ թե միասին խոսելն է, հարցը քննարկելը, այլ հակառակը՝ ով ավելի բարձր կարոթղ է դիմացինին վիրավորել, ով ավելի շատ բռնություն մյուսի նկատմամբ կարող է կիրառել եւ այլն: Այս ամենը հանգեցնում է ատելության խոսքի, անհանդուրժողականության մթնոլորտի, որն էլ հանգեցնում է շատ ավելի լուրջ հակաիրավական  խնդիրների, այդ թվում հանցագործությունների»,-ասաց ՄԻՊ-ը:

Նա ընդգծեց, որ պետք է երեք ուղղությամբ աշխատել. «Առաջինը կրթական համակարգի լիակատար բարեփոխումն է, որովհետեւ դպրոցներն են կարծրատիպեր ու արժեքներ կամ հակաարժեքներ տարածող ամենալուրջ հասարակական հաստատությունները: Մենք պետք է կարողանանք ներդնել այնպիսի կրթական համակարգ, հարցերը կարգավորելու ճիշտ մեթոդաբանություն, այդ թվում իրավական մեթոդաբանությունը»,-ասաց նա:

ՄԻՊ-ի խոսքով, պետք է ամբողջությամբ բարեփոխվի մեր իրավական կրթական համակարգը, որովհետեւ մենք պատշաճ գիտելիք չենք փոխանցում մարդու իրավունքների սահմանների, իրավունքի սահմանափակմանը վերաբերելի  չափանիշների առնչությամբ. «Շատ կարեւոր է, որ ունենքն պատշաճ օրենսդրություն եւ ձեւավորել պատըշաճ իրավակիրառ պրակտիկա, որը եւս կապ ունի կրթության հետ:

Անահիտ մանասյանը խոսեց նաեւ բուլինգի մասին, որը, ըստ նրա ամենատարածված երեւույթներից է Հայաստանում. «Դա շատ մոդելային ձեւով ցույց է տալիս, թե մենք բոլոր հարթություններում ինչ տեսակի հարաբերություններ ենք կառուցում»:

  • Կիսվել: