շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ես չեմ դառնալու գործիք քաղաքական գործիչների կամ ուժերի ձեռքին. Անահիտ Մանասյան

Ես չեմ դառնալու գործիք քաղաքական գործիչների կամ ուժերի ձեռքին. Անահիտ Մանասյան

Անկեղծ ասած՝ մեր աշխատանքից դժգոհություններ բացառապես քաղաքական գործունեությամբ զբաղվող անձինք են ներկայացնում: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 21-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ պատասխանելով Մարդու իրավունքի միջազգային օրվա առթիվ ՀՀԿ երիտթևի ներկայացուցիչների՝ իր ղեկավարած գրասենյակի մոտ ծաղկեպսակներ դնելու ակցիային։

Նա  պատրաստակամություն հայտնեց լսել տարբեր տեսակետներ, բայց դրանք պետք է ներկայացվեն իրավաչափ եղանակով։

Հայտարարելով, որ չափազանց կարևորում է խոսքի ազատությունը և դրա իրավաչափ եղանակով իրացումը ՝ Անահիտ Մանասյանն ասաց. «Ենթադրում եմ՝ տարբեր քաղաքական գործընթացներին վերաբերելի հարցեր են։ Հիմնական գաղափարը կայանում է հետևյալում, ես որպես ՄԻՊ և այլ պաշտոնում երբևէ չեմ դառնալու գործիք քաղաքական տարբեր ուժերի ձեռքում, անկախ նրանից, թե որ քաղաքական ուժերն են։ Իմ գործունեությունն իրականացնում եմ բացառապես իրավական սկզբունքների և ՄԻՊ իրավունքներին վերաբերելի արժեքների հիման վրա։ Անում եմ եզրահանգումներ բացառապես այն դեպքում, երբ այս արժեքների հիման վրա ունեմ վստահություն, որ կարելի է նման եզրահանգումներ անել։

Իսկ այն հիմնական գաղափարները, որ  հնչեցվում են,  օրինակ՝ գործունեությունը ոչ պատշաճ կամ ոչ ամբողջական իրականացնելու առնչությամբ, դրանք հիմնականում քաղաքական բնույթ ունեցող դիտարկումներ են: Ավելին ասեմ՝ դրանք դիտարկումներ են, որոնք կարող են հանգեցնել նրան, որ ՄԻՊ-ը դառնա քաղաքական գործիչների, կամ քաղաքական ուժերի ձեռքին գործիք: Ես այդպիսին չեմ դառնալու և, ինձ համար շատ կարևոր նեւ երաշխավորել, որ ՄԻՊ հաստատությունն այդպիսին երբևէ չդառնա»։

Անահիտ Մանասյանը հստակ պատասխան չտվեց, թե այդ դեպքում ինչու չի արձագանքել ԱԺ նախագահի՝ քաղաքացու դեմքին թքելու միջադեպին։

  • Կիսվել: