երկուշաբթի, ապրիլ 21
21 / 4 / 2025
ԱՄՆ-ի քրդական, հունական ու հայկական կառույցները բողոքի ցույց են արել ընդդեմ Էրդողանի այցի

ԱՄՆ-ի քրդական, հունական ու հայկական կառույցները բողոքի ցույց են արել ընդդեմ Էրդողանի այցի

Թուրքիայի նախագահ Էրդողանի այցը Վաշինգտոն ուղեկցվում էր Սպիտակ տան մոտ Լաֆայետի պուրակում բողոքի ցույցով:

ԱՄՆ-ի քրդական, հունական ու հայկական կառույցները բարձրաձայնել են ընդդեմ այս այցի։ 

«Էրդողանին մեծ պատվով են դիմավորել Սպիտակ տանը: Այս մակարդակի ընդունելության պատիվը նա չէր վաստակել և արժանի չէր: Մենք մտահոգված ենք այս առիթով»,- նշել է Հայ Դատի ԱՄՆ հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Արամ Համբարյանը կարևորում է բողոքի ցույցի անցկացումը, որը միասնական ուղերձ է ամերիկյան քաղաքական վերնախավին թուրքական քաղաքականության վերանայման համար: Նա վստահ է՝ Թուրքիայի նկատմամբ քաղաքականությունը փոխվում է և մատնանշում հոկտեմբերի 29-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը:

Բողոքի ցույցի մասնակիցների մի խումբ հավաքվեց Թուրքիայի դեսպանի նստավայրի մոտ գտնվող Շերիդան Սըրքլ օղակաձև ճանապարհի տարածքում։

Հիշեցնենք, որ 2017 թվականի մայիսին նախագահ Էրդողանի այցի ժամանակ Թուրքիայի նախագահի անվտանգության ծառայության աշխատակիցներն ու նրա կողմնակիցները ծեծի էին ենթարկել հակաէրդողանական ցույցի մասնակիցներին: Այդ միջադեպի համար Էրդողանը որևէ պատասխանատվություն այդպես էլ չկրեց։ Ըստ Արամ Համբարյանի այս հարցում իր մեղքի բաժինն ունի նախագահ Թրամփը:

 

  • Կիսվել: