2027 թվականը հագեցած կլինի մարզական կարևոր իրադարձություններով. ԿԳՄՍՆ
2027 թվականին մասսայական սպորտի ծրագրին նախատեսվում է հատկացնել 12.92 մլրդ դրամ, ինչը 134.8 տոկոսով գերազանցում է 2026 թվականի ցուցանիշը։ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2027 թվականի պետական բյուջեի նախագծի ներկայցման ժամանակ այս մասին հայտնել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտի ֆինանսավորման առաջնահերթությունները, նոր ծրագրերն ու Հայաստանում անցկացվելիք միջազգային խոշոր մարզական միջոցառումները։
Ըստ նախարարի՝ սպորտի ֆինանսավորման աճը վերջին տարիներին եղել է պետական շարունակվող քաղաքականություն․ 2021-2025 թվականներին ոլորտի փաստացի ծախսերը կրկնապատկվել են՝ հասնելով 8.4 մլրդ դրամի։
Լողի, դահուկային սպորտի ու հրաձգության անվճար պարապմունքներ մարզերի դպրոցականների համար
Ժաննա Անդրեասյանն առանձնահատուկ կարևորել է մարզերում երեխաների համար սպորտով զբաղվելու հնարավորությունների ընդլայնումը։
«Մարզերում ներդրվել է դպրոցականների լողի անվճար պարապմունքների ծրագիր մասնավոր լողավազաններում։ Այժմ մարզաձևերի շրջանակն ընդլայնվել է՝ ներառելով նաև դահուկային սպորտն ու հրաձգությունը։ Այս մարզաձևերի ուսուցումը կֆինանսավորվի պետական միջոցներով, և մեր երեխաները կունենան սպորտով զբաղվելու ավելի մեծ հնարավորություններ»,- նշել է նախարարը։
Միաժամանակ կշարունակվեն Վարչապետի հովանու ներքո անցկացվող դպրոցականների մրցաշարները։
4.9 մլրդ դրամ՝ մարզադպրոցների շենքային պայմանների բարելավմանը
Շարունակվելու են նաև մարզական ենթակառուցվածքների զարգացման աշխատանքները։ 2027 թվականին մարզադպրոցների շենքային պայմանների բարելավման համար նախատեսվում է 4.9 մլրդ դրամ։ Աշխատանքներ կիրականացվեն 8 մարզական հաստատությունում, ևս 10-ի համար կմշակվեն նախագծային փաստաթղթեր։
Միջազգային ինչպիսի՞ խոշոր առաջնություններ կհյուրընկալի Հայաստանը
Անդրադառնալով միջազգային մրցաշարերին՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ 2027 թվականը հագեցած կլինի մարզական կարևոր իրադարձություններով։
Հուլիսի 23-ից օգոստոսի 1-ը Հայաստանում կանցկացվեն Ֆրանկոֆոնիայի 10-րդ միջազգային մարզամշակութային խաղերը, որոնց նախատեսվում է շուրջ 50 երկրի մասնակցություն։ Մինչ խաղերի մեկնարկը՝ Երևանում տեղի կունենա ֆրանկոֆոն երկրների մշակույթի նախարարների համաժողովը, իսկ Ֆրանկոֆոնիայի խաղերից անմիջապես հետո կմեկնարկեն Համահայկական խաղերը։
Բացի այդ՝ 2027 թվականին Հայաստանը կհյուրընկալի կարատեի Եվրոպայի պատանիների, երիտասարդների և մինչև 21 տարեկանների առաջնությունը՝ ձմռանը, սպորտային մարմնամարզության Եվրոպայի մեծահասակների առաջնությունը՝ գարնանը և ծանրամարտի աշխարհի մեծահասակների առաջնությունը՝ աշնանը։
Քննարկվում են նաև բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների Եվրոպայի առաջնության, սպորտային պարերի աշխարհի առաջնության, մինչև 21 տարեկանների, երիտասարդների և պատանիների վարկանիշային մրցումների, ինչպես նաև լողափնյա վոլեյբոլի մինչև 18 տարեկանների Եվրոպայի առաջնության անցկացման հնարավորությունները։
«Այս առաջնությունները մեր երկիրը միջազգային մարզական քարտեզում դիրքավորելու շատ կարևոր նախաձեռնություններ են։ Մենք արդեն տեսնում ենք, որ մեր երկրի վարկանիշը սպորտի ոլորտում գնալով ամրապնդվում է, և յուրաքանչյուր հաջորդ համագործակցություն շատ ավելի մեծ վստահությամբ է վերապահվում մեր երկրին»,- ընդգծել է Ժաննա Անդրեասյանը։
2.47 մլրդ դրամ՝ բարձր նվաճումներ ունեցող և հեռանկարային մարզիկների խրախուսումը
Բարձր նվաճումներ ունեցող և հեռանկարային համրվող մարզիկների խրախուսումը կշարունակվի՝ այդ նպատակին ուղղելով շուրջ 2.47 մլրդ դրամ։ Օլիմպիական խաղերի նախապատրաստման ծրագրի շրջանակում մարզիկները կշարունակեն ստանալ ամենամսյա ֆինանսական աջակցություն՝ մարզումներին և մրցումներին նախապատրաստվելու համար։



