ԲԴԽ նախագահն ու ԵՄ դեսպանը քննարկել են դատական համակարգի անկախության և արդյունավետության բարձրացման հարցերը
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Հայաստանում Եվրամիության դեսպան Վասիլիս Մարագոսին։ Հանդիպմանը քննարկվել են դատաիրավական բարեփոխումները, դատական անկախության և հաշվետվողականության երաշխիքների ամրապնդումը, ինչպես նաև արդարադատության որակի բարձրացման հարցերը։ Աթաբեկյանը կարևորել է նաև դատական համակարգում արհեստական բանականության գործիքների կիրառման եվրոպական փորձի ուսումնասիրությունը՝ մարդու իրավունքների և դատական անկախության երաշխիքների պահպանմամբ։ Կողմերը պայմանավորվել են շարունակել քննարկումները աշխատանքային ձևաչափով։
ԲԴԽ-ի հաղորդագրությունը՝ ստորև․
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին։ Ողջունելով հյուրին՝ ԲԴԽ նախագահը բարձր է գնահատել Եվրոպական միության շարունակական աջակցությունը Հայաստանում դատաիրավական բարեփոխումների իրականացման, իրավունքի գերակայության ամրապնդման և դատական համակարգի ինստիտուցիոնալ զարգացման գործում։
Արթուր Աթաբեկյանն ընդգծել է դատական իշխանության առաջնահերթ կարիքներին համահունչ համագործակցության հետագա խորացման կարևորությունը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են դատական համակարգին առնչվող տարաբնույթ թեմաներ, այդ թվում՝ դատական համակարգի կատարողականին, արդարադատության որակի և արդյունավետության բարձրացմանն առնչվող հարցեր։ Անդրադարձ է արվել դատական անկախության և հաշվետվողականության երաշխիքների ամրապնդմանը, ինչպես նաև՝ դատարանների գործունեության արդյունավետության բարձրացմանն ուղղված մեխանիզմների զարգացմանը։
ԲԴԽ նախագահը ներկայացրել է համագործակցության առաջնահերթ ուղղությունները՝ կարևորելով նաև արհեստական բանականության գործիքների կիրառման եվրոպական փորձի ուսումնասիրությունը՝ մարդու իրավունքների և դատական անկախության երաշխիքների պահպանմամբ։
Զրուցակիցներն անդրադարձել են դատական ծառայողների մասնագիտական կարողությունների շարունակական ամրապնդման անհրաժեշտությանը։
Կողմերը պայմանավորվել են առաջիկայում աշխատանքային ձևաչափով հանդիպումներ անցկացնել՝ համագործակցության հնարավոր ուղղություններն ու հետագա քայլերը մանրամասն քննարկելու նպատակով։



