Ադրբեջանական SOCAR-ն ամերիկյան գազային երեք նախագծերում բաժնեմասեր է ձեռք բերել
SOCAR-ը՝ Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը, ամերիկյան Comstock Resources-ի հետ ստորագրել է վերջնական համաձայնագիր՝ ԱՄՆ-ում գազի արդյունահանման երեք նախագծերում ոչ օպերացիոն մասնակցության բաժնեմասեր ձեռք բերելու վերաբերյալ։
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ SOCAR-ի և Comstock ընկերության միջև ստորագրվել է առուվաճառքի վերջնական պայմանագիր, որը նախատեսում է, որ ադրբեջանական պետական նավթային ընկերությունը ձեռք կբերի հետևյալ բաժնեմասերը՝
առանց գործառնական գործունեության կառավարմանը մասնակցելու իրավունքի Legacy Haynesville նախագծի հետախուզման և արդյունահանման ակտիվներում՝ 20 տոկոս բաժնեմաս,
Western Haynesville նախագծի հետախուզման և արդյունահանման ակտիվներում՝ 15 տոկոս բաժնեմաս,
Pinnacle Gas Services LLC ընկերությունում՝ Comstock-ին պատկանող 73 տոկոս բաժնեմասի 15 տոկոսը:
Ըստ պայմանագրի՝ գործարքի ընդհանուր արժեքը կազմում է 1,65 միլիարդ ԱՄՆ դոլար:



