ուրբաթ, հուլիս 17
17 / 7 / 2026
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը դատի է տվել Տիգրան Ուրիխանյանին․ պահանջում են նաեւ 1000 դրամ փոխհատուցում

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը դատի է տվել Տիգրան Ուրիխանյանին․ պահանջում են նաեւ 1000 դրամ փոխհատուցում

Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամը դատի է տվել ՀՀ Ազգային ժողովի անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանին։ Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից։

Հիմնադրամը պահանջում է պարտավորեցնել պատգամավորին՝ զրպարտություն համարվող տեղեկությունները հրապարակայնորեն հերքել եւ փոխհատուցում վճարել։

Հայցը ներկայացվել է հունիսի 2-ին եւ մակագրվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիզա Գրիգորյանին։

Հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ հայցի պատճառը վերջին շրջանում Ուրիխանյանի արած այն հայտարարություններն, թե հիմնադրամից գումար է անհետացել։

«Անհետացած գումար չկա, ավելին՝ մենք հրապարակել ենք անկախ աուդիտորական կազմակերպության հաշվետվությունը եւ ըստ նրանց եզրակացության՝ ֆինանսական ցուցանիշները արտացոլում են իրականությունը»,- ասաց Ավետիքյանը։

Հարցին՝ ինչքա՞ն փոխհատուցում են պահանջում, Ավետիքյանը պատասխանեց. «1000 դրամ»։

  • Կիսվել: