Իտալիայի Սենատը 40 տարի անց հավանություն է տվել երկրի՝ ատոմային էներգետիկային վերադարձի մասին օրենքին
Իտալիայի Սենատը չորեքշաբթի վերջնականապես հավանություն է տվել օրենքին, որը իրավական հիմք է ստեղծում երկրի՝ ատոմային էներգետիկային հնարավոր վերադարձի համար՝ դրանից հրաժարվելուց գրեթե 40 տարի անց, երբ այդ որոշումն ընդունվել էր Չեռնոբիլի աղետի ֆոնին: Այս մասին տեղեկացնում է Associated Press-ը։
Նշվում է, որ օրինագծին աջակցել է 81 սենատոր, 51-ը քվեարկել է դեմ, ևս 7-ը ձեռնպահ է մնացել։ Ավելի վաղ փաստաթուղթը հավանության էր արժանացել Պատգամավորների պալատում։
Ընդունված օրենքն ուղղակիորեն չի թույլատրում նոր ատոմային էլեկտրակայաններ կառուցել։ Այն ստեղծում է հաջորդ սերնդի ռեակտորների կիրառման նորմատիվային բազա և կառավարությանը տալիս է 12 ամիս՝ լիցենզավորման, անվտանգության չափանիշների, ռադիոակտիվ թափոնների կառավարման և ապագա օբյեկտների տեղակայման վայրերի ընտրության չափորոշիչները կարգավորող ենթաօրենսդրական ակտեր մշակելու համար։
Հիշեցնենք, որ Իտալիան հրաժարվել էր ատոմային էներգետիկայից 1987 թվականի հանրաքվեից հետո, որն անցկացվել էր Չեռնոբիլի ատոմակայանի վթարից անմիջապես հետո։ 2011 թվականին իտալացի ընտրողները կրկին մերժեցին ատոմային էներգետիկային վերադառնալու ծրագրերը՝ ճապոնական «Ֆուկուսիմա-1» ատոմակայանում տեղի ունեցած վթարից հետո։



