ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմը հրաժարվում է իրականացնել իր պարտականությունները. «Մամիկոն Ասլանյան» դաշինք

Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմը հրաժարվում է իրականացնել իր պարտականությունները. «Մամիկոն Ասլանյան» դաշինք

Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմը հրաժարվում է իրականացնել օրենքով սահմանված իր պարտականությունները: Այս մասին հայտարարություն է տարածել «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքը:

Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.

«Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքի հրավիրած ավագանու արտահերթ նիստի մասին Վանաձորի համայնքապետարան ուղարկված գրությանն ի պատասխան համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Հակոբյանը հայտնել է, որ 24.01.22թ. Վանաձոր համայնքի ավագանու 11 անդամների նախաձեռնությամբ գումարվել է արտահերթ նիստ:

25.01.22 թ.-ին Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի ԺՊ-ն ՀՀ Լոռու մարզպետարանի միջնորդությամբ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների և ՀՀ արդարադատության նախարարություններին է դիմել պարզաբանում ստանալու նպատակով՝ արդյոք Վանաձոր համայնքի ավագանու կողմից արտահերթ նիստ հրավիրելը իրավազոր է, թե ոչ: Միևնույն ժամանակ ՀՀ արդարադատության նախարարությունից ստացվել է պատասխան, որ հստակ կարգավորված չէ մինչև առաջին նիստի գումարումը միավորված համայնքների նորընտիր ավագանու կողմից արտահերթ նիստ գումարելու հնարավորությունը:

Ելնելով վերոգրյալից՝ Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմը ձեռնպահ է մնում Վանաձոր համայնքի ավագանու արտահերթ նիստ գումարելու հետ կապված որևէ գործողությունից:

Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի ԺՊ Դավիթ Հակոբյանին հիշեցնում ենք, որ ըստ ՏԻՄ օրենքի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարը չի հանդիսանում նիստ հրավիրող: Նա պարտավոր է ապահովել նիստի կազմակերպման գործընթացը:

Վերջում կրկին հիշեցնենք, որ Վանաձոր համայնքի ավագանու արտահերթ նիստը կկայանա մարտի 18-ին, ժամը՝ 11:00-ին, Վանաձորի համայնքապետարանի նիստերի դահլիճում: Հրավիրում ենք Վանաձոր համայնքի ավագանու բոլոր անդամներին»:

  • Կիսվել: