Թրամփը հայտարարել է Վենեսուելայից նավթի առաջին մատակարարման մասին
ԱՄՆ-ն կստանա մեկ միլիոն բարել վենեսուելական նավթ, որը հասել է Թեքսասի Կորպուս Քրիստի նավահանգիստ: Այս մասին սոցցանցի իր էջում հայտարարել է նախագահ Դոնալդ Թրամփը։
Նա այդ մատակարարումն անվանել է առաջինը՝ ապագայում սպասվող միլիարդավոր բարելների մատակարարումների շարքում, և պնդել, որ նավթն ամերիկացիներին կհասնի առանց հարկատուների համար որևէ ծախսի։ «Սա ընդամենը առաջին խմբաքանակն է այն միլիարդավոր բարելներից, որոնք կհաջորդեն դրան»,-գրել է ԱՄՆ նախագահը։
Թրամփի խոսքով՝ մատակարարումը «չափազանց հաջող ռազմական գործողության» արդյունք է, որին հաջորդել է «աշխարհի պատմության մեջ նավթի ամենախոշոր գործարքը»։
ԱՄՆ նախագահը նաև հայտարարել է, որ նավթն ԱՄՆ-ին տրամադրվում է «առանց ամերիկացի հարկատուների համար որևէ ծախսի»՝ Վենեսուելայի հետ հարաբերությունների վերականգնման շնորհիվ, որոնք, նրա գնահատմամբ, բացառիկ հաջող են զարգանում։
Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից մեկ շաբաթից էլ պակաս ժամանակ առաջ Թրամփն ամերիկացիներին վառելիքի գների շուտափույթ նվազում է խոստացել: «Բենզինի և դիզելային վառելիքի գները շուտով կտրուկ կընկնեն. պարզապես հետևեք»,- գրել է նա։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահն արդեն նման կանխատեսումներ արել էր, սակայն խոստացված գնանկումը հաճախ տեղի չէր ունեցել կամ եղել էր սահմանափակ ու կարճատև։



