Քննարկվել է «օրգանական», «էկո», «բիո» բառերի օգտագործումը ֆիրմային անվանումներում և ապրանքային նշաններում
Արդարադատության նախարարությունը կազմակերպել է ապրանքային նշաններում և ֆիրմային անվանումներում սպառողներին մոլորության մեջ գցող բառերի օգտագործմանն առնչվող խնդիրների վերաբերյալ քննարկում։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի՝ Արդարադատության նախարարություն ներկայացրած գրությամբ բարձրացված՝ ֆիրմային անվանումներում «օրգանական», «էկոլոգիական», «բիոլոգիական» բառերի կամ դրանց «էկո», «բիո» և այլ կրճատ ձևերի օգտագործմանն ու գրանցմանն առնչվող խնդիրները։
Մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել գյուղատնտեսական արտադրանքի, սննդամթերքի շրջանառության ոլորտում գործունեություն ծավալող տնտեսավարող սուբյեկտների կողմից նշված բառերի օգտագործման օրենսդրական սահմանափակումներին, որոնց համաձայն՝ դրանց կիրառումը ֆիրմային անվանումներում թույլատրելի է համապատասխան հավաստման (սերտիֆիկատի) առկայության դեպքում։
Նախարարության գլխավոր քարտուղար Համլետ Հարությունյանն անդրադարձել է Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից առանց համապատասխան սերտիֆիկատի նշված բառերը պարունակող ֆիրմային անվանումների սկզբնական գրանցման և օգտագործման սահմանափակումներին և խնդրի լուծման ուղղությամբ ձեռնարկվելիք միջոցներին։
Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամ Տիգրան Մարկոսյանն ընդգծել է խնդրի համակարգային բնույթը, անդրադարձել Հանձնաժողովի կողմից բացահայտված դեպքերին՝ առաջարկելով բացառել նման խախտումների ռիսկերն ու դրանց վերացման ուղղությամբ ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ նաև ապրանքային նշանների գրանցման գործընթացում։
Հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել կատարել համակարգային գործողություններ՝ ապրանքային նշանների ու ֆիրմային անվանումների գրանցման գործընթացում օրենսդրության պահանջների պահպանման և սպառողներին մոլորեցնող գործողությունների կանխման նպատակով։
Քննարկմանը մասնակցել են Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի, Էկոնոմիկայի նախարարության և «ԷԿՈԳԼՈԲ» ՍՊ ընկերության ներկայացուցիչներ։



