Որ իմ մասին այդ նյութը լսում էի, ինքս մի ձևի եղա ահասարսուռ այդ ձայնից. Մամիկոն Ասլանյանը՝ իր վերաբերյալ նախաձեռնված նոր քրեական վարույթի մասին
Այսօր լրագրողների հետ զրույցում Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն արձագանքեց Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրությանը՝ իր վերաբերյալ նախաձեռնված նոր քրեական վարույթի մասին։
Նա, մասնավորապես, նշեց. «Նույն հաջողությամբ կարող էին ասել՝ Վանաձոր համայնքի 3000 հեկտար հողից կամ ՀՀ-ի 29 հազար 743 քառակուսի կմ-ից Ասլանյանը առանձնացրել է 3 հատ 20 քմ տարածք։ Դա ինչ ասելու բան է, եթե պիտի օտարում արվի կամ վարձակալության տրվի, պիտի առանձնացվի:
Որ իմ մասին այդ նյութը լսում էի, ինքս մի ձևի եղա ահասարսուռ այդ ձայնից։ Ինչևէ , սա նորություն չէ, սա խոսում է իրավաբանական համայնքի կողմից նման մեթոդներով քրեական իրավունքին վերաբերվելու ցածր որակների մասին։ Ո՛չ զարմանալու, ո՛չ էլ ահաբեկվելու պատճառ չեմ տեսնում, վերջին տարիներին սովորական երևույթ է դարձել։ Մենք այս երկրում ենք ապրում, այսօր այս բարքերն են տիրում»:
Նշենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեն այսօր հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ Վաանձորի նախկին քաղաքապետը 2021 թվականին նպատակադրվել է Վանաձոր համայնքին անհատույց սեփականության իրավունքով փոխանցված 3,12 հա մակերեսով հողամասից առանձնացնել դրա մի մասը և օրենսդրությամբ սահմանված կարգի խախտմամբ այն օտարել Վանաձոր քաղաքի բնակչին: Հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով հիշյալ պաշտոնատար անձը փոխել է նշված անշարժ գույքից առանձնացված տարբեր մակերեսներով հողամասների գործառնական նշանակությունը և դրանց տրամադրել հասցեներ՝ այդ կերպ նշված հողամասերն առանց մրցույթի կառուցապատման իրավունքով տրամադրելու համար ստեղծելով արհեստական հիմքեր:
Անդրադառնալով Նարեկ Կարապետյանին առնչվող միջնորդությանը, որի քննությունը իրականցվում է ԿԸՀ-ում՝ Մամիկոն Ասլանյանը նշեց, որ հանձնաժողովը այս պահի դրությամբ չունի նման հարց քննելու լիազորություն։
«Մանդատների տրման մասին որոշումից հետո դա արդեն ապագա ԱԺի որոշելիքն է»,-հավելեց նա։



