Թուրքիան պիտի հաշտվի իր պատմության հետ եւ ներողություն խնդրի. Հունաստանի նախագահ
«Թուրքիան պետք է հաշտվի իր պատմության հետ և պատասխան տա»,-այս մասին այսօր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսը՝ անդրադառնալով Հայոց ցեղասպանությանն ու Պոնտոսի հույների ցեղասպանությանը:
Հունաստանի նախագահը, մասնավորապես, ասաց. «Մենք հիշում ենք հայերի ցեղասպանությունը, մենք հիշում ենք Պոնտոսի հույների ցեղասպանությունը, Մենք ուրախ ենք, որ օրեր առաջ ԱՄՆ ներկայացուցիչների պալատն ընդլայնեց ցեղասպանությունը ճանաչածների շրջանակը: Մենք 1996թ. խորհրդարանի մակարդակով ճանաչեցինք հայերի ցեղասպանությունը, սահմանեցինք ապրիլի 24-ը հայերի ցեղասպանության օր և 2014թ. քրեականացրեցինք հայերի ցեղասպանության ժխտումը: Ուզում եմ շնորհակալություն հայտնել, որ ՀՀ Ազգային ժողովի կողմից միաձայն ճանաչեցիք Պոնտոսի հույների ցեղասպանությունը: Այստեղից մենք ուղերձ ենք ուզում ուղարկել դեպի Թուրքիա: Նա պետք է հաշտվի իր պատմության հետ, պատասխան տա, պետք է ներողություն խնդրի»: