ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Վահե Գրիգորյանը որևէ գործառույթ չի իրականացրել, բայց պարտաճանաչ աշխատավարձ է ստանում. Կոստանյան

Վահե Գրիգորյանը որևէ գործառույթ չի իրականացրել, բայց պարտաճանաչ աշխատավարձ է ստանում. Կոստանյան

Պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը իր լիազորությունների շրջանակում որևէ գործառույթ չի իրականացրել, բայց պարտաճանաչ ստացել է իր ամսական աշխատավարձը։ Այս մասին այսօր ԱԺ պետաիրավական հարցերի և ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների նիստում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը ։

Նրա խոսքով, աշխատավարձից բացի Վահե Գրիգորյանը ստացել է նաև պարգավճար, ինչպես նաև վառելանյութ ավտոմեքենայի համար։

«Քանի որ ՍԴ դատավորը հանրային դեմք է, ես ուզում եմ ներկայացնել այդ թվերը։ Մասնավորապես, Վահե Գրիգորյանը ամսական  ստանում է 793 հազար դրամ աշխատավարձ և պարգևավճար 100-150 հազար դրամի չափով: Իմ տեղեկություններով, ստացել է մոտ 1180 լիտր վառելանյութ ավտոմեքենայի համար, և այսքանով հանդերձ մեկ տարվա ընթացքում՝ ընդհանուր 15 միլիոն դրամ»,- նշեց պատգամավորը։

Նա նաև ասաց, որ իր տեղեկություններով Վահե Գրիգորյանը չի զբաղվել իրեն մակագրված գործերով և չի կատարել իր աշխատանքային պարտականությունները:

Աննա Կոստանյանը ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանից հետաքրքրվեց, թե այս տեղեկությունները համապատասխանու՞մ են իրականությանը, թե՞ ոչ:

Ֆինանսական հարցերի վերաբերյալ Էդգար Ղազարյանը խնդրեց գրավոր դիմել՝ թվերի մեջ չսխալվելու համար:

Ինչ վերաբերում է նիստերին մասնակցությանը, ՍԴ աշխատակազմի ղեկավարը հաստատեց, որ  Վահե Գրիգորյանը մեկ տարվա ընթացքում չի մասնակցել Սահմանադրական դատարանի ոչ մի նիստի, ընդգրկված չի եղել դատական կազմում, հաղորդումներ չի ներկայացրել Սահմանադրական դատարանին իրեն մակագրված գործերի նախնական ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ, ինչպես նաև չի նախապատրաստել որոշման նախագծեր և այլ անհրաժեշտ նյութեր այն գործերով, որոնցով նշանակված է եղել որպես զեկուցող կամ համազեկուցող դատավոր:

Ինչ վերաբերում է աշխատավարձին, ապա Էդուարդ Ղազարյանն ասաց, որ իրավունքի ուժով դրանք պարտադիր սահմանված ժամկետում վճարվել են, իսկ պարգևավճար Վահե Գրիգորյանը ստացել է 2-3 անգամ, բայց հետագայում հաշվի առնելով հանրային հնչեղությունը՝ ՍԴ նախագահի կարգադրությամբ նրան պարգևավճար չի հատկացվել։

  • Կիսվել: