շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ՍԴ որոշումը չի նշանակում, թե ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել ՊՇՌ թեստեր ներկայացնելու պահանջը․ Գրիգորյան

ՍԴ որոշումը չի նշանակում, թե ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել ՊՇՌ թեստեր ներկայացնելու պահանջը․ Գրիգորյան

Կորոնավիրուսի դեմ ՊՇՌ թեստերի առնչությամբ ՍԴ որոշումը չի նշանակում, թե ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել թեստեր ներկայացնելու պահանջը, որոշմամբ միայն արձանագրված է, որ առողջապահության նախարարն իրավունք չուներ իր որոշմամբ հստակեցնելու, թե ում հաշվին պետք է թեստն իրականացվի: Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու Քրիստինե Գրիգորյանը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի կարծիքով՝ գործատուների կողմից բավականին մեծ ճնշում կա աշխատողների նկատմամբ:

«Նաև ՊՇՌ թեստի պահանջ ներկայացնելու առումով, երբ անգամ ՍԴ-ի որոշումից հետո գործատուներն աշխատանքից հեռացնելու սպառնալիքով աշխատակիցներին ստիպում են նրանց հաշվին թեստեր հանձնել»,-ասաց պատգամավորը՝ հետաքրքրվելով, թե արդյոք ՄԻՊ թեկնածուն պատրա՞ստ է պաշտպանել ՀՀ քաղաքացուն գործատուների ճնշումներից:

Քրիստինե Գրիգորյանն էլ պատասխանեց, որ աշխատանքային իրավունքների պաշտպանության հարցերը մարդու իրավունքների պաշտպանության համակարգի կարևորագույն և անքակտելի մաս են: Այս առումով ընտրվելու դեպքում նա խոստացավ հետևել անձանց աշխատանքային իրավունքների պաշտպանությանը, աշխատանքի վայրում խտրականության դրսևորումներին:

Անդրադառնալով ՊՇՌ թեստերի հետ կապված ՍԴ որոշման՝ պատգամավորի մեկնաբանությանը՝ նա չհամաձայնեց նրա հետ: «ՍԴ-ն որևէ կերպով հակասահմանադրական չի ճանաչել ՊՇՌ թեստերի պահը: Դա կանոնակարգում է, ՍԴ որոշումը վերաբերում էր կոնկրետ բառակապակցության: ՍԴ որոշմամբ արձանագրված է, որ առողջապահության նախարարն իրավունք չուներ իր որոշմամբ հստակեցնելու, թե ում հաշվին պետք է դա իրականացվի: Իսկ դա որևէ կերպ չի նշանակում, որ ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել ՊՇՌ թեստեր ներկայացնելու պահանջը»,-ասաց Գրիգորյանը:

  • Կիսվել: