չորեքշաբթի, հունիս 11
11 / 6 / 2025
ԵՄ-ՀՀ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը շուտով կփոխանցվի հայկական կողմին. ՆԳ նախարարը հանդիպել է ԵՄ հանձնակատար Բրյուններին

ԵՄ-ՀՀ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը շուտով կփոխանցվի հայկական կողմին. ՆԳ նախարարը հանդիպել է ԵՄ հանձնակատար Բրյուններին

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հունիսի 10-ին Բրյուսել կատարած այցի շրջանակներում հանդիպում է ունեցել ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրյունների հետ։ Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձ են կատարել ԵՄ-Հայաստան վիզաների ազատականացման երկխոսության գործընթացին՝ շեշտադրելով գործնական քայլերի կարևորությունը։

Հանձնակատար Բրյունները հայտնել է, որ հունիսի 24-ին Հայաստան կայցելի եվրոպական փորձագիտական պատվիրակությունը՝ քննարկելու համար ԵՄ-Հայաստան վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի նախագծային տարբերակը։ Եվրոպական կողմը վերահաստատել է իր պատրաստակամությունը հնարավորինս սեղմ ժամկետներում վերջնականացնել և հայկական կողմին ներկայացնել Գործողությունների ծրագիրը։

Նախարար Սարգսյանը հանգամանալից ներկայացրել է Հայաստանում ընթացող բարեփոխումները և շեշտադրել է հայկական կողմի պատրաստակամությունը ներդնելու առավելագույն ջանքերը Գործողությունների ծրագրի արագ կենսագործման ուղղությամբ։ Հետագա քայլերը առավել սերտ համակարգելու և երկրում իրականացվող լայնածավալ փոփոխություններին ծանոթանալու նպատակով նախարար Սարգսյանը հանձնակատար Բրյուններին հրավիրել է հաջորդ տարի այցելելու Երևան։

  • Կիսվել: