չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Փայլանը թուրքական ամսագրի՝ Շնորհք պատրիարքին վարկաբեկող հոդվածի հարցը տեղափոխել է խորհրդարան

Փայլանը թուրքական ամսագրի՝ Շնորհք պատրիարքին վարկաբեկող հոդվածի հարցը տեղափոխել է խորհրդարան

Թուրքական «Gerçek Hayat» ամսագրում հրապարակված «FETÖ-ի ճյուղերը» հոդվածում թիրախավորվել են կրոնական փոքրամասնությունների հոգևոր առաջնորդները։ Թուրքիայի հունական, հրեական և հայկական համայնքները գրավոր հայտարարությամբ դատապարտել են «խոսքի ազատության» անվան տակ խտրականության այդօրինակ դրսևորումը, գրում է «Էրմենիահբերը»։

Թուրքիայում ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից (HDP-ԺԴԿ) ընտրված հայ պատգամավոր Կարո Փայլանն այս հարցը տեղափոխել է երկրի խորհրդարան։ Նա գրավոր հարցում է հղել Թուրքիայի խորհրդարան՝ ուղղված Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթային։

Փայլանը հետևյալ հարցերն է ուղղել Թուրքիայի փոխնախագահին․

1․ «Gerçek Hayat» ամսագրի «FETÖ»-ի վերաբերյալ հատուկ հրապարակումների շարքում մեր երկրի փոքրամասնությունները ատելության խոսքերով են թիրախավորվել․ դուք դրա մասին իմացե՞լ եք։ 

2․ Չե՞ք մտածում, որ Թուրքիայի նախագահի և իշխանամետ լրատվամիջոցների կողմից պարբերաբար օգտագործվող ատելության խոսքը կարող է կրկին ատելության հիմքով այնպիսի հանցագործությունների հանգեցնել, ինչպիսիք են Հրանտ Դինքի, կաթոլիկ հոգևորական Անդրեա Սանտորոյի սպանությունները և «Zirve» հրատարակչատան վրա կատարված հարձակումը։  

3․ Մի՞թե կառավարության բոլոր անդամները չեն մասնակցել գյուլենական համայնքի միջոցառումներին, որ ամսագիրը փոքրամասնություններին է մեղադրում դրանց մասնակցելու մեջ։

4․ Խտրականություն և անբարոյականություն չէ՞, որ այսօր Գյուլենին «հայ» եք անվանում, մինչդեռ Էրդողանի հետ քայլելիս ձեր իշխանությունը նրան  «Պատվավոր հոգևոր ուսուցիչ» էր կոչում։ 

Նշենք, որ «Gerçek Hayat» ամսագրում հրապարակված հերյուրանքներով լի վարկաբեկիչ հոդվածում շոշափվել է Պոլսի հայոց երջանկահիշատակ պատրիարք Շնորհք Գալուստյանի անունը, ինչպես նաև Թուրքիայի հունական և հրեական համայնքների հոգևոր առաջնորդների անունները։ 

Հոդվածում պնդում է  արվում, որ Գյուլենի հայր Ռամիզը հայ է, իսկ մայրը՝ հրեա։ Օգտագործվել է այնպիսի ատելության խոսք, ինչպիսին է․ «Հայ Գյուլենից նամակ՝ հայ պատրիարքին»։ 

  • Կիսվել: