Հիշեք, որ մենք քանդել ենք մարդկանց վզին ձեր կողմից գցած շղթաները. Ալեքսանյան
ԱԺ նախագահի տեղակալ Վահագն Ալեքսանյանն իր այսօրվա՝ օգոստոսի 13-ի ելույթում անդրադարձավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանի՝ իր խոսքերով ասած «փերֆորմանսին», արձագանքեց նրա՝ քաղբանտարկյալներին վերաբերող հայտարարություններին:
Ալեքսանյանը, ի պատասխան, հայտնեց՝ մի փոքրիկ փերֆորմանս էլ ինքն է պատրաստել, ու ցուցադրեց մի տեսանյութ, որում երևում է՝ ինչպես է մի տղամարդ շղթայակապ մեկ այլ տղամարդու տանում ջուր խմելու:
««Հայաստան» խմբակցություն, դուք էլ լավ նայեք: Տեսանյութը նկարահանվել է 2001 թվականին գեներալ Մանվել Գրիգորյանի ապարանքներում: Ի դեպ, գեներալ Մանվել Գրիգորյանը մահացած է, չէի ուզենա իր մասին խոսել, բայց իր նախկին օգնականը, որ էստեղից փերֆորմանսներ է անում, չեմ կարողանում իր մասին խոսել:
Էս տեսանյութի շթայակապ մարդը գիտե՞ք ով է. ազատամարտիկ Աշոտ Իսախանյանը: 1990-1994-ին մասնակցել է Ղարաբաղյան առաջին պատերազմին: Հինգ անգամ վիրավորվել է ու ինչի՞ համար: Որ գա ու ձեր գերագույն ղեկավարի՝ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին ձեր գործընկերոջ ղեկավարը՝ Մանվել Գրիգորյանը, իր ախռանայի հետ վզից ժնջիլը գցի, տանի ջուր խմելու:
Հարգելի՛ Հանրապետական կուսակցության նախկին ու գուցեե ներկա անդամներ, սենց դրվագներ տեսե՞լ եք, առնչվե՞լ եք: Էս ա եղել ձեր ուժը: Մարդու իրավունքների մասին ձեր պատկերացումները գալիս, հանգում են էս ժնջիլին »,- ասաց Ալեքսանյանը:
Նրա խոսքով՝ երբ ընդդիմությունը գալիս ու իշխող ուժին մեղադրում է մարդու իրավունքները խաթարելու մեջ, թող միշտ հիշեն, որ իրենք քանդել ենք մարդկանց վզին նրանց գցած շղթաները:



