Փաշինյանը հայտարարեց տնտեսությունում հսկայական «ստվերի» և կոռուպցիայի ընկալման հետընթացի մասին
Առաջին կիսամյակում ապահովել ենք նախատեսվածից 94 մլրդ դրամով ավելի հարկային եկամուտներ, և դա լավ է, սակայն մենք գիտենք, որ տնտեսությունում կա հսկայական ստվեր։ Այդ մասին այսօր՝ օգոստոսի 13-ին, կառավարության նիստում հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա դժգոհեց, որ սրճարաններում կտրոնները բերում են ամենավերջում, այն էլ՝ միայն հիշեցնելուց հետո։ «Այսինքն՝ այս խնդիրը լուծված չէ»,- խոստովանեց Փաշինյանը։
Կառավարության ղեկավարը նաև նկատեց, որ Հայաստանում հեռախոսների մաքսանենգության ծավալները հսկայական են՝ կոչ անելով լուծել այդ խնդիրը։ Եվ այստեղ էլ, իր իսկ խոստովանությամբ՝ իշխանության ղեկին գտնվելու 9-րդ տարում, առկա են կոռուպցիոն ռիսկեր, ինչպես նաև ամբողջ պետական կառավարման համակարգում։
Նրա խոսքով՝ 2018 թվականից Հայաստանը կոռուպցիայի ընկալման ինդեքսում գրանցել է լուրջ առաջընթաց, իսկ այժմ երկիրը հայտնվել է լճացման մեջ, և նույնիսկ հետընթաց է նկատվում։
Վարչապետը հիշեցրեց, որ 2020 թվականից իշխանությունները զբաղված էին այլ հարցերով՝ խնդիր դնելով կենտրոնանալ այսպես կոչված «թավշյա հեղափոխության» ընթացքում առաջադրված խնդիրների կատարման վրա։ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ անհրաժեշտ է հնարավորինս բոլոր ապրանքները մակնշել և դա անել աստիճանաբար։
«Մենք պետք է արագացնենք տնտեսությունում ստվերի կրճատման տեմպերը»,- եզրափակել է նա։



