Ինչպե՞ս էր հնարավոր պատերազմի մի քանի ժամում կորցնել ՀՕՊ միջոցների կեսը, դա անհնար էր. Սերժ Սարգսյան
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե ինչ կաներ ինքը 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ, եթե լիներ ՀՀ ղեկավար:
Նա նշել է, որ բոլորը գիտեին, նաև իշխանություններն են մի քանի անգամ ասել, որ սեպտեմբերի 27-ի առավոտյան սկսվելու են ռազմական գործողություններ՝ միաժամանակ ընդգծելով, որ ամենակարևորը պատերազմը սկսվելու նախորդ օրն է։
Սերժ Սարգսյանը թվարկել է, թե ինչ գործողություններ կաներ. «Նախ կզանգահարեի Գլխավոր շտաբի պետին, կասեի՝ արդյոք զորքերը բերել են առաջին մարտական պատրաստականության։ Դրական կամ բացասական պատասխան ստանալուց հետո միևնույնն է՝ կզանգահարեի Արցախի պաշտպանության բանակի հրամանատարին ու կտայի նույն հարցը։ Բացասական պատասխանի դեպքում, պարզ է, թե ինչ տեղի կունենար, որովհետև այդպիսի վերաբերմունքն ուղղակի բոլոր նորմերից դուրս է։ Հանցավոր է։
Հետո կհարցնեի՝ արդյոք հասցրել եք անել հետևյալ գործողությունները՝ համալրե՞ք եք առաջնագիծը, տեղափոխե՞լ եք հակաօդային պաշտպանության միջոցները, տեղափոխե՞լ եք մեր հրետանային միջոցները, արձակուրդից հե՞տ եք կանչել արձակուրդում գտնվող հրամանատարներին, այդպիսի բազմաթիվ հարցեր։
Ես սա չեմ ասում հետին թվով արդեն իմանալով, որ ինչպես ասում են, առաջին օրը մեր հակաօդային պաշտպանության միջոցների կեսն արդեն ոչնչացվել էին, նաև հրետանային միջոցներից և այլն։ Սրանք այն պարզունակ բաներ էին, որ պետք էր անել։
Զարմանում եմ, ինչպե՞ս էր հնարավոր պատերազմի մի քանի ժամում կորցնել ՀՕՊ միջոցների կեսը: Դա անհնար էր, անհնար»:
Սարգսյանի խոսքով՝ պատերազմը սկսվելուց հետո պետք է կիրառվեին մեծ վնաս հասցնող այն հզոր սպառազինությունները, որոնք առկա էին ՀՀ Զինված ուժերում:
Նա վստահեցրել է՝ իրենք հենց ա՛յս ռազմավարությամբ են գործել 2016 թվականի պատերազմի ժամանակ, ուստի նույն տրամաբանությամբ հնարավոր էր լինելու նաև հենց սկզբից բեկել 2020 թվականի պատերազմի ընթացքը:
Շարունակելով թվարկել պատերազմի ժամանակ իր գործողությունները՝ նա հավելել է. «Ես գլխավոր շտաբի պետից ստանալով պատասխան, որ այո, ես արդեն կհարցնեի՝ արդյոք նույն պատրաստականության են բերել նաև մեր հեռահար հարվածային միջոցները։ Դրական պատասխանից հետո, բնականաբար, արդեն վստահ կլինեի, որ եթե սկսվեն ռազմական գործողությունները, առաջինը դրանք պետք է արվեին։
Այն ժամանակ մենք ունեինք անօդաչու թռչող սարքեր, ճիշտ է, հետախուզական, գիշերային դիտարկման սարքավորումներ, հստակ կարելի էր տեսնել, թե, իրոք, այն գործողություններն, որոնք առավոտյան պետք է սկսվեին, արդեն սկսվում են, թե ոչ, որովհետև զորքերի համախմբում կլիներ, անհնար էր չնկատել այդ ամենը։ Կսպասեի մինչև այն պահը, երբ իրենց առաջին հարձակումը լիներ, և կօգտագործեինք հզոր միջոցները։ Դա կարող էր բերել նույնիսկ այդ հարձակողական օպերացիայի կանխարգելմանը, ձախողմանը»։
Սարգսյանը նշել է, որ Ապրիլյանն իրենց համար հանկարծակի էր, գտնվում էր ԱՄՆ-ում, օդանավում զանգել ու ասել են ռազմական գործողություններ են սկսվել. «Ընդամենը զանգել եմ պաշտպանության նախարարին և ասել եմ մեր պաշտպանողական պլանը, գործողությունների պլանը դրե՞լ եք գործողության մեջ, թե՞ ոչ։ Ասաց՝ այո»։


