ուրբաթ, հոկտեմբեր 2
2 / 10 / 2026
Իսրայելի և Իրանին թշնամի երկրների նավերին կարգելվի անցնել Հորմուզի նեղուցով. Իրանի խորհրդարանի ներկայացուցիչ

Իսրայելի և Իրանին թշնամի երկրների նավերին կարգելվի անցնել Հորմուզի նեղուցով. Իրանի խորհրդարանի ներկայացուցիչ

Իսրայելի, թշնամի երկրների նավերը և ռազմական բեռներ տեղափոխող տրանսպորտային միջոցները չեն կարողանա անցնել Հորմուզի նեղուցով, եթե ընդունվի այդ ռազմավարական երթուղու անվտանգության վերաբերյալ նոր օրինագիծը։ Այս մասին Tasnim-ին տված հարցազրույցում հայտնել է Իրանի Մեջլիսի ազգային անվտանգության կոմիտեի մամուլի քարտուղար Հասան Ղաշղավին։

Նա, մասնավորապես, նշել է. «Սիոնիստական ռեժիմին և թշնամական պետություններին պատկանող նավերը, ինչպես նաև նրանք, որոնք ռազմական գործողություններ են իրականացնում մեր դեմ կամ ռազմական բեռներ են տեղափոխում, չեն կարողանա անցնել Հորմուզի նեղուցով»:

Ըստ պաշտոնյայի՝ ոչ թշնամական պետությունների նավերը պետք է ստանան հատուկ թույլտվություններ Իրանի Զինված ուժերի Գլխավոր շտաբից՝ նոր օրենքում ամրագրված կանոններին համապատասխան անցնելու համար։

Ղաշղավին հավելել է, որ օրինագիծն արդեն քննարկվել է համապատասխան կոմիտեում և ներկայացվելու է Մեջլիսի բաց լիագումար նիստի քննարկմանը, որից հետո փաստաթուղթը կուղարկվի Սահմանադրության պահապանների խորհրդի հաստատմանը։

 

  • Կիսվել: