Կոնրադ Ադենաուերի հիմնադրամը փակել է գրասենյակը Վրաստանում
Կոնրադ Ադենաուերի գերմանական հիմնադրամը փակել է իր գրասենյակը Վրաստանում՝ դա անվանելով Վրաստանի կառավարության կողմից ստեղծված իրավաքաղաքական շրջանակի ուղղակի հետևանք։
Հուլիսին Վրաստանի կառավարությունը մերժել էր հիմնադրամի ներկայացրած նախագծերի ֆինանսավորման հայտերը՝ համաձայն Վրաստանի խորհրդարանի ընդունած դրամաշնորհների մասին նոր օրենքի, հայտնել է հիմնադրամը:
Կազմակերպությունը Վրաստանում գործում է 2003 թվականից և «նպաստել է ժողովրդավարության զարգացմանը, օրենքի գերակայությանը, խորհրդարանական գործունեությանը և եվրոպական արժեքների հաստատմանը»։
Վրաստանի խորհրդարանը 2026 թվականի գարնանը ընդունել է դրամաշնորհների մասին օրենք, որը կարգավորում է նպատակային անհատույց միջոցների տրամադրման և ստացման կարգը: Օրենքի համաձայն՝ վրացական իրավաբանական անձանց տրամադրվող օտարերկրյա դրամաշնորհները պետք է համաձայնեցվեն Վրաստանի կառավարության հետ:
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն բազմիցս հայտարարել է, որ տարբեր օտարերկրյա հիմնադրամներ, հատկապես վերջին տարիներին, խոշոր դրամաշնորհներ են ուղղորդում վրացական ընդդիմադիր ուժերին՝ գործող կառավարությունը տապալելու նպատակով: Հետևաբար, խորհրդարանը դրամաշնորհների մասին օրենքն ընդունել է՝ վերահսկելու արտաքին ֆինանսական հոսքերը:



