ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Հստակ չէ, թե դա ինչ է. Կիրո Մանոյանը՝ ՀՀ-ի դեմ ռազմական գործողություններ սկսելու վերաբերյալ թուրքական փաստաթղթի մասին

Հստակ չէ, թե դա ինչ է. Կիրո Մանոյանը՝ ՀՀ-ի դեմ ռազմական գործողություններ սկսելու վերաբերյալ թուրքական փաստաթղթի մասին

Իրականում հասկանալի չէ, հստակ չէ, թե դա ինչ փաստաթուղթ է, եթե իրական է, ապա մտահոգիչ է, մենք անվտանգության խնդիր ունենք: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը՝ խոսելով վերջերս մամուլում մեծ աղմուկ բարձրացրած մի փաստաթղթի ի հայտ գալու վերաբերյալ, համաձայն որի՝ Թուրքիայի զինված ուժերը Հայաստանի դեմ ռազմական գործողության պլան (սցենար) ունեն:

Նշենք, որ այդ տեղեկության վերաբերյալ Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանը հարց է ուղղել երկրի ՊՆ-ին, սակայն հարցն առայսօր անպատասխան է:

Կիրո Մանոյանը նշեց, որ Թուրքիայում շրջանառվում է մի տեսակետ, ըստ որի՝ այդ փաստաթղթի ի հայտ գալը թուրքական ներկայիս իշխանության ամենակարկառուն հակառակորդների՝ գյուլենականների ձեռքի գործն է, սակայն, Մանոյանի խոսքով, իշխանությունը պաշտոնապես դեռ որևէ կերպ չի արձագանքել, ինչն էլ մտահոգության տեղիք է տալիս:

Հիշեցնենք, որ Թուրքիան պլանավորում էր ռազմական գործողություն իրականացնել Հայաստանի դեմ՝ «ALTAY» կոդով՝ համաձայն գաղտնի փաստաթղթի, որ ներկայացնում էր դասակարգված փաստաթղթերից բացակայող էջերը, որոնք մանրամասն նկարագրում են գործողությունները: Այս մասին գրում է շվեդական Nordic Monitor կայքը։
Ներքին փաստաթուղթը, որը ներկայացվել է Գլխավոր շտաբին, և որի պատճենը ձեռք է բերվել «Nordic Monitor»-ի կողմից, նշում է, որ պլանը դեռ գործում է:

Նշվում է, որ 2016 թ.-ի մայիսի 23-ով թվագրված գրության համաձայն, որը ներկայացվել է Գլխավոր շտաբին, որոշ էջեր, որ ներառում էին Հայաստանի նկատմամբ «OĞUZTÜRK Hava Harekât Planı» անունը ստացած ավիահարվածների գործողությունները (OĞUZTÜRK օդային գործողությունների պլան), անհետացել էին: Այս բացահայտումը կատարվել է Անկարայի «Akıncı» ավիաբազայում գտնվող վերահսկիչ փաստաթղթերի բյուրոյում պլանների վերանայման ընթացքում: Դեպքի կապակցությամբ սկսվել է իրավական հետաքննություն:

Ըստ տեսչության կողմից ներկայացրած հակիրճ գրության՝ գաղտնի պլանը վերջնական տեսքի է եկել 2001 թ.-ի հուլիսի 13-ին: Այն պատրաստվել է 2-րդ մարտավարական օդուժի հրամանատարության կողմից։

Գրության մեջ նշվում է, որ գործողությունների ծրագիրը դեռևս վավեր է, և ընդգծվում է, որ խախտումը բացասական ազդեցություն չի ունենա Թուրքիայի զինված ուժերի «ALTAY» հրահանգի վրա:

Ինչպես գրում է Nordic Monitor-ը, «ALTAY» պլանը Թուրքիայի զինված ուժերի կողմից կազմված գործողությունների ընդհանուր ծրագիր էր, և որ յուրաքանչյուր ուժային հրամանատարություն իր հրահանգն ուներ ըստ դիրեկտիվի: Հուշաթերթում չի նշվում «ALTAY» հրահանգի մանրամասները, որոնք, կարծես թե, եղել են Հայաստանի համար ընդհանուր ռազմական պլան, կամ նրա օդուժի՝ «OĞUZTÜRK» գործողության մանրամասները: Չի ասվում, թե ինչպես են գաղտնի ծրագրի այդ էջերը անհետացել։

  • Կիսվել: