Ղազախստանն արգելել է ձվի ներմուծումը՝ ներառյալ ԵԱՏՄ երկրներից
Ղազախստանում երկու ամսով արգելել են տրանսպորտի բոլոր տեսակներով հավի թարմ ձվի ներմուծումը՝ ներառյալ ԵԱՏՄ երկրներից: Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները։
Նշվում է, որ, ըստ փաստաթղթի, սահմանափակումը տարածվում է ԵԱՏՄ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 040721 ծածկագրով հավի թարմ ձվի վրա։
Արգելքը չի տարածվում տարանցիկ մատակարարումների, ինչպես նաև ապրանքների երկու կատեգորիայի վրա՝ ձվի, որն արտահանողը մաքսային ընթացակարգով ձևակերպել է մինչև հրամանի ուժի մեջ մտնելը, սակայն Ղազախստան է ներմուծել այդ ամսաթվից հետո, ինչպես նաև ձվի, որը փաստացի երկիր է ներմուծվել մինչև հրամանի ուժի մեջ մտնելը։
Հաղորդվում է նաև, որ առաջին դեպքում ներմուծողը պետք է ներկայացնի արտահանման կամ տարանցման հայտարարագիր, իսկ երկրորդ դեպքում՝ բեռի ժամանումը հաստատող ուղեկցող բեռնագիր։



