ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Կարող է Ալիևն էլ Էրդողանից խրախուսված` սկսի անհեռատես քայլեր ձեռնարկել, պետք է պատրաստ լինենք ցանկացած զարգացման. Մանոյան

Կարող է Ալիևն էլ Էրդողանից խրախուսված` սկսի անհեռատես քայլեր ձեռնարկել, պետք է պատրաստ լինենք ցանկացած զարգացման. Մանոյան

ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանն այսօրվա ասուլիսում անդրադարձավ վարչապետի հայտնի` «Արցախը Հայաստան է և վերջ» արտահայտությանը:

«Եթե Արցախը Հայաստան է և վերջ, ստորագրեք վերջանա, ինչի՞ չեք ստորագրում: Չի կարելի քաղաքական հաշվարկներով ստեղծել մթնոլորտ և այդ ուղղությամբ դրական քայլեր չանել»,-արձագանքեց Մանոյանը:

«Չի կարելի նման բաներ ասել: Պետության ղեկավարը չպետք է աշխարհին ցույց տալ, թե ինչ կլինի, եթե այսպես կամ այնպես անենք»,-հավելեց Մանոյանը:

Անդրադառնալով վարչապետ Փաշինյանի այն հայտարարությանը, թե Արցախի խնդրի լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար, Մանոյանը նշեց. «Որպես մարտավարություն լավ է, որ վարչապետը հայտարարել է, որ բոլորը պետք է գոհ լինեն: Բայց թող մի հատ ասի, թե այդ որ բանաձևն է, որ բոլորին կգոհացնի: Չկա նման բանաձև: Փաստ է, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմը մինչև այսօր հայկական կողմն է հաղթել և ադրբեջանցիները դրանից գոհ չեն կարող լինել: Ադրբեջանցիներին պետք է համոզել, որ Արցախը երբեք ձերը չի եղել, դուք Խորհրդային շրջանում վայելել եք, չարաշահել եք Արցախի ամեն ինչը, իսկ ԽՍՀՄ փլուզումից հետո մոռացեք Արցախի մասին: Ճիշտ կանի ՀՀ վարչապետը, որ անկեղծորեն դա ասի: Նախկին իշխանության ժամանակ էլ կար այս խնդիրը, որ լավ ընկալվելու համար մարտավարական առումով այդպիսի հայտարարություններ էին արվում, որովհետև բանակցությունների նպատակներից մեկը նաև լավ լույսի ներքո երևալն էր: 1-2 անգամ դա հայտարարեց, լավ է, բայց ամեն օր հայտարարել չի կարելի»:

Ինչ վերաբերում է հակամարտության կարգավորմանը Կիրո Մանոյանն ասաց, որ իրենք հայտարարել են` պետք է Հայաստանի և Արցախի միջև ռազմաքաղաքական դաշինքի մասին պայմանագիր ստորագրվի, ինչը կմոտեցնի Արցախի ճանաչումը. «Եթե աշխարհում 7-8 երկիր ճանաչի Արցախի անկախությունը, այդ ժամանակ Հայաստանն ու Արցախը կարող են միավորվելու որոշում կայացնել»:

Մանոյանի կարծիքով`ինչ էլ կասեն համանախագահները, իրականում Արցախի խնդրի կարգավորման գործընթացը նույնիսկ 2016-ի ապրիլից առաջ կասեցված էր, թեև բանակցություններն ընթանում էին. «Ապրիլից հետո դա ընդհանրապես սառեց: Մի քանի օր առաջ Ադրբեջանի նախագահի հայտարարությունից և ՀՀ վարչապետի պատասխանից հետո, կասկածում եմ, որ որևէ առաջընթաց լինի հարցի կարգավորման ուղղությամբ»:

Կիրո Մանոյանը խոսելով տարածաշրջանային իրավիճակից` նկատեց.

«Սիրիայի հյուսիսում տեղի ունեցող իրադարձությունները ինչ-որ չափով նվազեցրել են մեր սահմաններին լարվածության հավանականությունը, քանի որ քաղաքական ուժերը չեն ցանկանա այս տարածաշրջանում մի քանի լարվածության օջախներ լինեն: Բայց հաշվի առնելով Էրդողանի պահվածքը, կարող է Ալիևն էլ Էրդողանից խրախուսված, ինքն էլ սկսի անհեռատես քայլեր ձեռնարկել: Մենք միշտ պետք է պատրաստ լինենք ցանկացած զարգացման: Չի բացառվում, որ մի քանի ամսից նման իրադարձություններ հրահրվեն որոշ նպատակներով, որպեսզի նոր խաղացողներ հայտնվեն»:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: