Բելգիան աջակցում է ՀՀ-ին ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման հարցում. հանդիպել են ՆԳ նախարարն ու Բելգիայի ապաստանի և միգրացիայի նախարարը
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը Բրյուսել կատարած աշխատանքային այցի շրջանակում հունիսի 11-ին հանդիպել է Բելգիայի Թագավորության Ապաստանի, միգրացիայի և սոցիալական ինտեգրման, խոշոր քաղաքային քաղաքականության նախարար Աննելին Վան Բոսսյուին: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից:
Աննելին Վան Բոսսյուն ողջունելով Արփինե Սարգսյանին՝ կարևորել է հարաբերությունները զարգացնելուն միտված երկկողմ քայլերը:
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն իր հերթին շնորհակալություն հայտնելով ջերմ խոսքերի համար՝ ընդգծել է, որ Բելգիայի Թագավորության հետ գործընկերային հարաբերություններ են ձևավորվել ինչպես երկկողմ, այնպես էլ ԵՄ-ի շրջանակներում: Նա ընդգծել է նոր ֆլամանական դաշինք կուսակցության կարևոր դերակատարությունը հայ-բելգիական հարաբերությունների զարգացման և ամրապնդման գործում:
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել ԵՄ վիզաների ազատականացման գործընթացի շուրջ: ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը ներկայացրել է Գործողությունների ծրագրի արագ կենսագործման ուղղությամբ Հայաստանի քայլերը, ինչպես նաև նոր կենսաչափական համակարգի ներդրման գործընթացը:
Արփինե Սարգսյանը ներկայացրել է ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ստեղծման և ռազմավարության մշակման ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթացքը:
Աննելին Վան Բոսսյուն պատրաստակամություն է հայտնել աջակցելու ԵՄ վիզաների ազատականացման գործընթացի իրականացման, բիոմետրիկ համակարգի, ինչպես նաև սահմանային կառավարման նոր էլեկտրոնային լուծումների (e-gate համակարգ և այլն) ներդրման ոլորտում փորձի փոխանակման հարցերում:
Քննարկվել են նաև անօրինական միգրացիայի, փախստականների իրավունքների պաշտպանության և ոլորտին առնչվող մի շարք հարցեր: