հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Արցախը Վիտալի Բալասանյան չէ, Վիտալի Բալասանյանը Արցախ չէ. Կիրո Մանոյան

Արցախը Վիտալի Բալասանյան չէ, Վիտալի Բալասանյանը Արցախ չէ. Կիրո Մանոյան

ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանն այսօր մամուլի ասուլիսին ամփոփեց հոկտեմբերի 11-ին Արցախում կայացած «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» Արցախի բարեկամների համաժողովը:

«Հիմնական նպատակն էր` ցույց տալ Արցախի բարեկամներին, որ իրենք աշխարհում մենակ չեն և որ Ադրբեջանի կողմից գործադրվող`մի կողմից Արցախը մեկուսացնելու քաղաքականությունը, մյուս կողմից` Արցախի բարեկամներին պատժելու ուղղությամբ քայլերը, ոչ մի ազդեցություն չունեն»,-ասաց նա:

Մանոյանը նաև մի դիտարկում արեց. «Կարծում եմ, որ դա համաժողովի թերություններից մեկն էր, որ ՀՀ Ազգային ժողովից ներկայացվածություն չկար: Հրավիրվել էր Երևանի քաղաքապետը, բայց էլի չէին ներկայացել: Այդ ամենը մի քիչ անհասկանալի էր: Չեմ ուզում հատուկ վերագրել քաղաքական նկատառումներին, բայց բացթողումը իրենց կողմից ևս ինչ-որ բան է ասում»:

Անդրադառնալով Վիտալի Բալասանյանի հայտարարություններին, Կիրո Մանոյանը նշեց. «Լավ մթնոլորտ չի լինի, եթե մենք ունենանք երկու հանրապետությունների միջև լարվածություն, որը կարող է տանել նույնիսկ մեր հասարակության պառակտմանը: Դա պետք է կանխենք, բայց սա չի նշանակում, որ Բալասանյանի ասածը այդպիսին ենք համարում»:

Հիշեցնենք, որ օրեր առաջ գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանը հայտարարել էր, որ 2018-ին Հայաստանում տեղի է ունեցել իշխանության բռնազավթում, որը արևմտյան ուժերի կողմից ներդրված պրոյեկտ է, և Նիկոլ Փաշինյանը կատարածու է:

«Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը Հայաստանն ու Արցախը տանում է կործանման: Ես սթափության կոչ չեմ անում. նրանք պետք է օր առաջ իշխանությունը հանձնեն և ինքնակամ ներկայանան ՀՔԾ»,-ասել էր Բալասանյանը:

Մանոյանը հավելեց․ «Բայց Արցախը Վիտալի Բալասանյան չէ, Վիտալի Բալասանյանը Արցախ չէ»:

  • Կիսվել: