Մեսսին մտադիր է արգելել Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիային օգտագործել իր անունը
Լիոնել Մեսսին պատրաստվում է հեռավորություն պահպանել Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիայի (AFA) ղեկավարությունից՝ կառույցի շուրջ ծավալված ֆինանսական սկանդալի և դատական հետաքննությունների ֆոնին։ Այս մասին հայտնում է արգենտինական Clarín պարբերականը, գրում է armsport.am-ը:
Աղբյուրի տվյալներով՝ ֆուտբոլիստի հարաբերությունները կազմակերպության նախագահ Կլաուդիո Տապիայի հետ լրջորեն վատթարացել են։ Մեսսին իրավաբաններ է ներգրավել՝ պաշտոնական պահանջ նախապատրաստելու համար, որով ասոցիացիային կարգելվի առանց իր համաձայնության առևտրային և գովազդային նպատակներով օգտագործել իր անունը, լուսանկարներն ու տեսանյութերը։
Հետաքննության կենտրոնում հայտնվել են ասոցիացիայի ֆինանսների ոչ թափանցիկ կառավարման վերաբերյալ կասկածները, մասնավորապես՝ Տապիայի և գանձապահ Պաբլո Տովիջինոյի կողմից։ Ենթադրվում է, որ արտասահմանյան ընկերությունների ցանցն օգտագործվել է արգենտինական ակումբների համար նախատեսված խոշոր գումարների իրական ստացողներին թաքցնելու նպատակով։
Իրավաբանական ծանուցման հարցում Clarín-ի աղբյուրների տեղեկությունները տարբերվում են․ ոմանք պնդում են, որ փաստաթուղթն արդեն ուղարկվել է ասոցիացիային, մյուսները՝ որ այն առայժմ միայն նախապատրաստվել է։
Մեսսին և Տապիան դեռևս պաշտոնապես չեն մեկնաբանել ստեղծված իրավիճակը։



