հինգշաբթի, հոկտեմբեր 29
29 / 10 / 2026
Ռոնալդու՞, թե՞ Մեսսի․ երկրպագուները ընտրել են Ոսկե գնդակի պատմության լավագույն մրցաշրջանը

Ռոնալդու՞, թե՞ Մեսսի․ երկրպագուները ընտրել են Ոսկե գնդակի պատմության լավագույն մրցաշրջանը

Կրիշտիանու Ռոնալդուի 2008 թվականի մրցաշրջանը ճանաչվել է «Ոսկե գնդակի» պատմության լավագույնը՝ երկրպագուների շրջանում անցկացված հանրային քվեարկության արդյունքներով, գրում է armsport.am-ը:

B.O.A.T. (Ballon d’Or Of All Time) նախաձեռնության շրջանակում ֆուտբոլասերները հնարավորություն են ունեցել ընտրելու հեղինակավոր մրցանակի բազմակի դափնեկիրների լավագույն մրցաշրջաններից իրենց նախընտրածը:

Վերջնական արդյունքներով՝ առաջին տեղը զբաղեցրել է Ռոնալդուն, իսկ երկրորդ հորիզոնականում է հայտնվել Լիոնել Մեսսիի 2012 թվականի տպավորիչ մրցաշրջանը:

Ինչո՞վ էր առանձնահատուկ Ռոնալդուի 2008-ը

Այդ տարի պորտուգալացի հարձակվողը հանդես էր գալիս «Մանչեսթեր Յունայթեդում» և անցկացնում իր կարիերայի ամենավառ ու արդյունավետ շրջաններից մեկը: Նա բոլոր մրցաշարերում խփել էր 42 գոլ՝ մեծապես նպաստելով անգլիական ակումբի՝ Պրեմիեր լիգայի և Չեմպիոնների լիգայի հաղթանակներին:
Այդ փայլուն խաղի արդյունքում Ռոնալդուն նվաճել էր նաև Եվրոպական «Ոսկե խաղակոշիկը» և առաջին անգամ արժանացել «Ոսկե գնդակին»՝ վերջնականապես ամրագրելով իր կարգավիճակը համաշխարհային ֆուտբոլի գագաթին:

Մեսսիի պատմական տարին՝ երկրորդ տեղում

Ռոնալդուի գլխավոր մրցակիցը քվեարկությունում Լիոնել Մեսսին էր՝ իր անհավանական 2012 թվականի ցուցանիշներով։ Արգենտինացին այդ օրացուցային տարում բոլոր մրցաշարերում դարձել էր 91 գոլի հեղինակ՝ սահմանելով համաշխարհային ռեկորդ։

Սակայն, չնայած այս բացառիկ արդյունքին, երկրպագուների քվեարկության արդյունքում նախապատվությունը տրվել է Ռոնալդուի 2008 թվականին:

B.O.A.T.-ը «Ոսկե գնդակի» կազմակերպիչների նախաձեռնած հանրային քվեարկություն է և չի հանդիսանում նոր պաշտոնական մրցանակ:

Մասնակցության համար անհրաժեշտ էր մեկ եվրոյի վճար կատարել՝ թվային լուսանկար ձեռք բերելու միջոցով, ընդ որում՝ յուրաքանչյուր լրացուցիչ քվե պահանջել էր նոր վճարում:

Պաշտոնական տվյալներով՝ 5009 մասնակից քվեարկել է մեկից ավելի անգամ, ինչը նշանակում է, որ արդյունքն արտացոլում է կոնկրետ վճարովի հարցմանը մասնակցած երկրպագուների ընտրությունը և չի նույնանում մասնագիտական կամ փորձագիտական գնահատականի հետ:

  • Կիսվել: