երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հեղաշրջումը կանխելուց հետո եղել են պաշտոնանկություններ․ ԱԽ քարտուղարը՝  երկրում հեղաշրջման փորձի մասին

Հեղաշրջումը կանխելուց հետո եղել են պաշտոնանկություններ․ ԱԽ քարտուղարը՝ երկրում հեղաշրջման փորձի մասին

Պարբերաբար նախկին իշխանությունը փորձել է տորպեդահարել գործող իշխանություններին՝ օգտագործելով եւ գործիքներ, եւ մարդկանց։  Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

ԱԽ քարտուղարի խոսքով՝ Հայաստանում հեղաշրջման փորձ եղել է, սակայն, մանրամասներ չհայտնեց:
 

«Շատ մարդիկ տրվել են այդ գայթակղությանը, հետեւել են այդ մտքերին կամ գաղափարներին, փորձել են քայլեր ձեռնարկել, բայց հաջողություն չեն ունեցել։ Կանխվելուց հետո եղել են նաեւ պաշտոնանկություններ։ Այս պահին քննություն է ընթանում, եթե անհրաժեշտություն լինի, կհարուցվեն քրեական գործեր»,-նշեց նա։

Հարցին՝  ոստիկանապետը, ԱԱԾ տնօրենն են վերջերս ազատվել, նրանք կապ ունեցե՞լ են կամ գուցե աչք են փակե՞լ դրա վրա, ԱԽ քարտուղարն ասաց․

«Ես անունների մասով հստակություն չեմ մտցնի, բայց կարող եմ ասել, որ առաջացել են նման խնդիրներ, նաեւ ողջամիտ կասկածներ են առաջացել, որ այսպիսի նպատակներ կան  եւ կանխվել են, եւ դրա օգտագործման տարբեր ձեւեր են եղել՝ սկսած ֆեյք նյուզից, ֆեյք ինֆորմացիայից մինչեւ տարբեր տեսակի մեր քաղաքական թիմին սեւացնելու միջոցով փորձել են տարբեր քայլեր ձեռնարկել, ասել, որ պետական համակարգն, օրինակ, չի աշխատելու, տնտեսությունը ձախողելու է, պատերազմի մասով, որ հողեր ենք հանձնում, Հայաստան սպառազինություն չի մտնում, նույնիսկ կուսակցության մակարդակով այդպիսի հայտարարություններ են եղել, բայց 2019 թվականի արդյունքներն ամփոփելիս պարզվել է, որ Հայաստանն աննախադեպ քանակի զենք էր գնել։ Ընդհանուր առմամբ, այս քայլերը տարբեր ձեւ եւ տարբեր բնույթ են ունեցել, կանխել ենք եւ դրա վտանգն այս պահին չկա»։

Մեկ այլ հարցի՝ արդյոք իր կողմից նշված անձինք բարձր պաշտոններ զբաղեցրել են, Գրիգորյանն նշեց․

«Հնարավոր է եւ այդպես է եղել»։

Դիտարկմանը, որ ԱԱԾ-ն հայտնել էր, որ հեղաշրջման փորձի մասին տեղեկատվություն չունեն, ԱԽ քարտուղարն ասաց․

«Պատասխանը մի փոքր այլ է, ես այս հայտարարության մեջ հերքում չեմ տեսել»։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: