երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հանուն պաշտոնի․ ինչու է պատգամավորը բոյկոտել Հռոմի ստատուտի հարցով քվեարկությունն ու հարսին, թոռներին բերել Հայաստան

Հանուն պաշտոնի․ ինչու է պատգամավորը բոյկոտել Հռոմի ստատուտի հարցով քվեարկությունն ու հարսին, թոռներին բերել Հայաստան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը երեկ չի մասնակցել Հռոմի ստատուտի հարցով քվեարկությանը: ArmLur.am-ի աղբյուրները փոխանցում են, որ Գուրգեն Արսենյանը հատուկ չի մասնակցել քվեարկությանը, քանի որ առաջիկայում Արսենյանին պետք է նշանակեն ՌԴ-ում Հայաստանի դեսպան:

Ըստ մեր տեղեկությունների՝ Արսենյանը հույս ունի, որ առաջիկայում պետք է հաստատվի իր ագրեմանը, ինչի նպատակով անգամ իր ամերիկաբնակ որդուն, հարսին եւ թոռներին տեղափոխել է Երևան, որպեսզի ՌԴ-ն որևէ խնդիր չտեսնի դեսպան նշանակելու հարցում:

Լրատվամիջոցը քիչ առաջ կապ է հաստատել Գուրգեն Արսենյանի հետ՝ վերը նշված տեղեկությունների վերաբերյալ զրուցելու համար: Արսենյանը շատ ագրեսիվ էր տրամադրված, ավելին՝ հայտարարեց, թե մենք «ագենտ» ենք, որ այդպիսի տեղեկությունների ենք տիրապետում:

-Պարոն Արսենյան, ինչու՞ երեկ ԱԺ-ում չմասնակցեցիք Հռոմի ստատուտի քվեարկությանը:

-Բարձր ճնշումս: Ես ինձ այնքան էլ լավ չեմ զգում։ Երեկ խորհրդարան չեմ ներկայացել, որովհետև բժշկի թուղթ ունեմ, որ ինքնազգացողությունս լավ չէ:

-Իսկ եթե մասնակցեիք քվեարկությանը, ո՞րն էր լինելու Ձեր դիրքորոշումը:

-Քանի որ չեմ մասնակցել, հետախուզական հարցեր մի տվեք:

 

-Հետախուզական հարցեր չեն, ընդամենը փորձում ենք պարզել Ձեր դիրքորոշումը Հռոմի ստատուտի վերաբերյալ:

-Եթե լինեի ԱԺ-ում, իմ դիրքորոշմանը կծանոթանայիք:

-Ըստ մեր տեղեկությունների՝ Դուք չեք մասնակցել Հռոմի ստատուտի քվեարկությանը, քանի որ առաջիկայում Ձեզ պետք է նշանակեն ՌԴ-ում Հայաստանի դեսպան, իսկ այս քվեարկությունը կարող է խաթարել այդ գործընթացը եւ այս պահին դրված է Ձեր ագրեմանի հարցը: Որքանո՞վ է այս տեղեկությունը իրական:

 

-Ո՞վ է Ձեզ այդ առաջադրանքը տվել, որ նման բաներ փորփրեք, նման բաներ ճշտեք:

-Մեզ ոչ ոք որևէ առաջադրանք չի տալիս, կա տեղեկություն, փորձում ենք Ձեզանից ճշտել:

-Ո՛չ, Դուք ակնհայտ առաջադրանք եք կատարում: Սա հերթական տարօրինակ վարքագծի դրսևորումն է: Ես հիվանդ եմ եղել, չեմ մասնակցել քվեարկությանը: Ես արդեն պատասխանեցի Ձեր առաջին հարցին:

-Բայց մենք տեղեկություն ունենք, որ Ձեր՝ դեսպան նշանակվելու հետ կապված որևէ խնդիր չառաջանա, Դուք Ձեր ամերիկաբնակ որդուն, հարսին ու թոռներին բերել եք Հայաստան: Չկա՞ նման բան:

-Ես իմ տղային, հարսին չեմ բերել, իրենք են որոշել ու եկել: Ես իրենց որեւէ տեղում գտնվելու որոշման վրա ազդեցություն չունեմ: Ձեր այս հետաքրքրությունը շատ նման է ուրիշ երկրների ծառայությունների կողմից իրականացվող հետախուզական հարցման: Ես այդպես եմ մտածում:

-Ոչ, որեւէ հետախուզական ծառայության հարցեր չեն: Ընդհամենը ունենք տեղեկություններ եւ ուզում ենք Ձեզնից ճշտել:

 

-Դուք լրագրող եք, բայց Դուք հատուկ հանձնարարություններ եք կատարում:

-Դուք հիմա մեղադրանքներ եք հնչեցնում, որի համար կարող ենք Ձեզ դատի տալ: Մենք ընդամենը փորձում ենք մեր ունեցած տեղեկությունները ճշտել Ձեզանից:

-Կարող եք դատի տալ: Դատարանում ես կպատասխանեմ այս հարցերին: Ես Ձեզ տեղեկացնում եմ, որ Ձեր հնչեցրած հարցերը հետախուզական ծառայության հարցեր են:

  • Կիսվել: