երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Ամենաթանկարժեք գույքը հայտարարագրել է ԱԺ «ՔՊ» պատգամավոր Գուրգեն Արսենյանը․ «Հետք»

Ամենաթանկարժեք գույքը հայտարարագրել է ԱԺ «ՔՊ» պատգամավոր Գուրգեն Արսենյանը․ «Հետք»

«Հետքը» շարունակում է ուսումնասիրել բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարագրած թանկարժեք գույքը։ Եթե պաշտոնյաների ունեցած գույքի արժեքը գերազանցում է 4 միլիոն դրամը կամ դրան համարժեք արտարժույթը, ապա այն ենթակա է հայտարարագրման։ Մեր նախորդ հրապարակման մեջ ներկայացրել էինք թանկարժեք ժամացույց հայտարարագրած պաշտոնյաններին։ Այս անգամ կանդրադառնանք բարձրաստիճան այն պաշտոնյաներին, որոնք 4 մլն դրամը գերազանցող կահույք են հայտարարագրել։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում գործող պաշտոնյաներից վեցն են թանկարժեք կահույք հայտարարագրել։ Հոդվածում կահույքների արժեքները նշված են՝ ըստ պաշտոնյաների հայտարարագրերում լրացված արժույթի։

Ինչպես և ժամացույցների դեպքում էր, այստեղ ևս ամենաթանկարժեք գույքը հայտարարագրել է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը։ Իշխանական պատգամավորը հայտարարագրել է կահույքի 4 հավաքածու, որոնցից ամենաթանկարժեքը՝ ճաշասենյակի կահույքի հավաքածուն 300 հազար ԱՄՆ դոլար է։ Արսենյանը դա գնել է 1995 թվականին։

2019 թվականին Գուրգեն Արսենյանը գնել է 110 միլիոն դրամ արժողությամբ խոհանոցային կահույքի հավաքածու։ 2001 թվականին էլ ձեռք է բերել ննջասենյակի և հյուրասենյակի կահույքի հավաքածու՝ համապատասխանաբար 62 մլն և 18 մլն դրամ արժեքներով։

 

Երկու միավոր թանկարժեք կահույք է հայտարարագրել Արսենյանի գործընկեր, պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։ 12 միլիոն դրամ արժողությամբ կահույքը Սուքիասյանը ժառանգություն է ստացել 1995 թվականին։ 7 միլիոն դրամ արժեցող մեկ այլ կահույք էլ ՔՊ-ական գործարար պատգամավորը ժառանգություն է ստացել 1997-ին։ 

Թանկարժեք կահույք է հայտարարագրել  նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդական Կարեն Նազարյանը, որն այդ պաշտոնին նշանակվել է 2024թ․ փետրվարի 2-ին։ Մինչև այդ նա համատեղությամբ զբաղեցնում էր Սուրբ Աթոռում և Պորտուգալիայում ՀՀ դեսպանի պաշտոնը։ Կարեն Նազարյանի հայտարարագրած թանկարժեք կահույքի արժեքը 15 հազար շվեյցարական ֆրանկ է, որը համարժեք է 16,5 հազար ԱՄՆ դոլարին։ Այդ կահույքը Կարեն Նազարյանը գնել է 2002 թվականին։ 

Այս շարքում հաջորդ պաշտոնյան Վերաքննիչ վարչական դատարանի դատավոր Կարեն Գևորգյանն է, որը 2017 թվականին թանկարժեք կահույք է գնել, արժեքը կազմում է 6 մլն դրամ։ Կարեն Գևորգյանը Վերաքննիչ վարչական դատարանի դատավոր է 2021թ․ հուլիսի 15-ից։ 

Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արթուր Գույումջյանը նույնպես թանկարժեք կահույք է հայտարարագրել։ 2009 թվականին նա գնել է 14 հազար դոլար արժողությամբ կահույք։ Գույումջյանը 2023թ․ նոյեմբերի 13-ից է զբաղեցնում Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավարի տեղակալի պաշտոնը։ Մինչ այդ նա զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ։

Թանկարժեք կահույք հայտարարագրած գործող պաշտոնյաների մեր այս շարքում վերջինը Պետական եկամուտների կոմիտեի հարկ վճարողների սպասարկման վարչության պետ Արմինե Հովսեփյանն է։ Նա 2020 թվականին 5,2 մլն դրամով կահույք է գնել։ Ըստ ՊԵԿ պաշտոնական կայքում հրապարակված կենսագրության՝ Արմինե Հովսեփյանը 1996 թվականից աշխատում է հարկային համակարգում։ ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչության պետի պաշտոնը Հովսեփյանը ստանձնել է 2020թ․ հունվարի 17-ին։ 

Մեր հաջորդ հրապարակումներում կշարունակենք ներկայացնել թանկարժեք գույք հայտարարագրած պաշտոնյաներին։

  • Կիսվել: