ուրբաթ, հունիս 14
14 / 6 / 2024
Թող անվանական ցանկը հրապարակի, թե ում հետ է ուզում հանդիպել. Գուրգեն Արսենյանը՝ Բագրատ Սրբազանի մասին

Թող անվանական ցանկը հրապարակի, թե ում հետ է ուզում հանդիպել. Գուրգեն Արսենյանը՝ Բագրատ Սրբազանի մասին

Անվանական ցանկը թող հրապարակի, կտեսնենք, կքննարկենք: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք կհանդիպի Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի հետ:

Անդրադառնալով վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացին, նա ասաց. «Անվստահություն հայտնում են քվեարկությամբ: Անվստահության գործընթացը մեկնարկելը եւ այդ գործընթացի ավարտը տարբեր բաներ են: Դրա համար պետք է 54 ձայն, իրենք քանի՞ հոգի են: Դրա համար անհրաժեշտ է ՔՊ-ական պատգամավորների ձայները, խորհրդարանում ձայների մեծամասնությունը»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ ընդդիմությունը պնդում է, որ գործող վարչապետն ունակ չէ երկիրը ղեկավարելու, նա ասաց. «Ունակ չի, 2026 թվականին կգնանք ընտրությունների, կընտրեն ունակին: Իշխանափոխություն կարող է լինել միմիայն ընտրություններով»:

Արսենյանը բացառեց, որ կարող է այնպիսի հանրային ճնշում լինել, որ իշխանափոխություն լինի. «Որովհետեւ Հայաստանում քաղաքական ճգնաժամ չկա: Հանրային ճնշում լինում է կամ տնտեսական կոլապսի ժամանակ, կամ քաղաքական կոլապսի ժամանակ»:

Հարցին՝ արդյոք անվտանգային խնդիրները պատճառ չեն կարո՞ղ լինել, ՔՊ-ական պատգամավորը պատասխանեց. «Դրանք ընթացիկ պրոցեսներ են: Բոլոր երկրներում էլ կարող են ծագել նմանատիպ հարցեր»:

Նա խոսեց նաեւ սահմանազատման գործընթացից՝ նշելով. «Սահմանազատման հետ կապված բոլոր էմոցիաների քաղաքացիական դրսեւորումները, դա պետական կյանքի գործառույթ չէ, դա հանրային կյանքի գործառույթ է բնակչի կողմից: Պետությունը գործառույթ ունի՝ անել սահմանազատում, բնակիչը չի կարող սահմանազատում անել: Բնակիչն ունի իր գործառույթը՝ ասել՝ շատ լավ էր, կամ վրդովվել: Բնակչի անհանգստությունը հասկանալի է:

Հիմա ընդդիմությունը կարող է այդ դժգոհությունները ընտրությունների ժամանակ գեներացնել, թող գեներացնի: Հանրային վեճը երկրի ներսում լուծվում է երկու ճանապարհով՝ ընտրություններ եւ քաղաքացիական բախումներ, որի վերջը էլի ընտրություններն են»:

  • Կիսվել: