շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Բանկային համակարգին հնարավորություն ենք ընձեռում խուսափել ցնցումների մեջ ընկնելուց. Արսենյանը՝ ԼՂ կառավարության պարտքը ստանձնելու մասին

Բանկային համակարգին հնարավորություն ենք ընձեռում խուսափել ցնցումների մեջ ընկնելուց. Արսենյանը՝ ԼՂ կառավարության պարտքը ստանձնելու մասին

Նախագծի հետ կապված իմ մտորումները հակասական էին, սակայն ես պատասխանատվություն եմ վերցնում` ասելու, որ կողմ եմ քվեարկելու այս հարցին: Այս մասին Ազգային ժողովի՝ դեկտեմբերի 22-ի արտահերթ նիստին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը՝ անդրադառնալով ՀՀ-ին ԼՂ կառավարության պարտավորությունների պահանջի զիջման մասին նախագծին:

«Սա պատասխանատվության իրացում է, ՀՀ Կառավարության կողմից ստանձնած և իրացվող պատասխանատվություն է, որը նաև մեր պետության ու մեր հասարակության համար չափահաս լինելու վկայությունն է: Ինչո՞ւ, որովհետև այս իրավիճակը, որը մենք ունենք, հետևանք է նաև այն պատերազմի, որը սանձազերծեց Ադրբեջանը, և այն իրադարձությունների, որոնք մենք ստացանք այդ պատերազմի հետևանքով:

Մենք՝ որպես քաղաքական իշխանություն իրականացնող թիմ, մեզ վրա վերցնում ենք այդ պատասխանատվությունը, որ մինչև վերջ մեր հասարակության և մեր քաղաքացիների առջև, այդ թվում՝ ԼՂ-ի մեր հայրենակիցների առջև ստանձնենք և իրականացնենք այն պարտականությունները, որոնք ունենք: Մենք չենք խուսափում այդ պարտականություններից»,- ասաց նա:

Գուրգեն Արսենյանը նաև ընդգծեց, որ նախագծով բանկային համակարգին հնարավորություն է տրվում խուսափել ֆորսմաժորային իրավիճակից:

«Այդ ֆինանսական պարտավորությունների իրացման հետևանքով նաև մենք ՀՀ տնտեսական կարևորագույն համակարգերից մեկին՝ բանկային համակարգին, հնարավորություն ենք ընձեռում խուսափել ցնցումների մեջ ընկնելու և ֆորսմաժորային վիճակում հայտնվելու իրավիճակից»,- ասաց նա:

  • Կիսվել: