երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Գալիք տարի նախատեսվում է Լեհաստանի արտաքին գործերի նախարարի այցը Հայաստան

Գալիք տարի նախատեսվում է Լեհաստանի արտաքին գործերի նախարարի այցը Հայաստան

 Ներկա պահին բազմաթիվ ծրագրեր կան ինչպես լեհ գործարարների կողմից Հայաստանում, այնպես էլ հայ գործարարների կողմից Լեհաստանում կատարվելիք ներդրումների վերաբերյալ: Այդ մասին Մեդիա կենտրոնում հրավիրված ասուլիսի ընթացքում հայտնել է Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակը՝ նշելով, որ այլ մանրամասներ չի կարող հաղորդել այդ ծրագրերի վերաբերյալ, քանի դեռ պայմանագրերը չեն ստորագրվել:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք առաջիկայում հնարավոր են Լեհաստանի կողմից ներդրումներ Հայաստանում՝ դեսպան Պավել Չեպլակը պատասխանեց, որ ներկա պահին մանրամասներ չի կարող բացահայտել, սակայն հույս ունի, որ բանկային համակարգում ներդրումային ծրագիր կիրագործվի, ինչպես նաև հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովների հանդիպումից հետո ավելի կամրապնդվեն գործարար կապերը Հայաստանի և Լեհաստանի միջև:
 
Դեսպանի խոսքով՝ Հայաստանում բիզնես միջավայրը առավել նպաստավոր դարձավ 2018 թվականի հեղափոխությունից հետո: Լեհական կողմը հույս ունի, որ այն ավելի նպաստավոր կլինի լեհ գործարարների ներդրումների համար:

«Հայ ներդրողները նույնպես քայլեր են ձեռնարկում Լեհաստանում ներդրումներ անելու նպատակով: Ներկա պահին բազմաթիվ ծրագրերի մասին տեղեկություններ ունենք, սակայն քանի դեռ պայմանագրերը չեն ստորագրվել, որևէ մանրամասներ բացահայտել չեմ կարող», - ասաց Պավել Չեպլակը:

Դեսպանի մեկնաբանությամբ՝ հայ-լեհական առևտրաշրջանառության ծավալների սահմանափակվածությունը, որը չի գերազանցում տարեկան 70 մլն դոլարը, պայմանավորված է նրանով, որ արտահանումները կատարվում են միջնորդ պետության, մասնավորապես՝ Բուլղարիայի միջոցով:

Իսկ ընդհանուր առմամբ, հայ-լեհական հարաբերություններն, ըստ դեսպանի, ավանդաբար բարեկամական հիմքերի վրա են: Նախորդ տարվա կորոնավիրուսային համավարակի պատճառով երկկողմ բազում այցեր չեղարկվել են, չեն իրականացվել հայ-լեհական բազում ծրագրեր, սակայն դեսպան Չեպլակը հույս ունի, որ գալիք տարի կողմերը կկարողանան վերադառնալ «ավելի նորմալ իրականությանը»:

Դեսպանի խոսքով՝ 2021 թվականին հայ-լեհական ձեռքբերումներից է ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի և նրան ուղեկցող երկու դատավորների այցը Լեհաստան:

2022 թվականին Լեհաստանը ստանձնելու է ԵԱՀԿ նախագահությունը և նախատեսում է, որ Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուին կայցելի Հայաստան տարվա առաջին եռամսյակում:

Նախատեսվում են նաև միջխորհրդարանական այցեր և հանդիպումներ: 2021-ին Հայաստանի և Լեհաստանի խորհրդարանները ձևավորվել են նաև հայ-լեհական բարեկամական խումբ, ինչի համար դեսպանը շնորհակալություն հայտնեց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին: Դեսպանը հույս ունի, որ հայ-լեհական միջխորհրդարանական բարեկամական խումբը նույնպես այց կկատարի Լեհաստան:

Շարունակվում է համագործակցությունը նաև արտաքին գործերի նախարարությունների միջև, և պաշտոնական Վարշավան հույս ունի, որ գալիք տարում Երևանում տեղի կունենան քաղաքական խորհրդակցություններ փոխնախարարների մակարդակով:

«Ցանկանում ենք նաև ինտենսիվացնել համագործակցությունը տնտեսության ոլորտում և հույս ունենք, որ հանդիպումներ կկայանան տնտեսական հարցերով հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովների միջև», - նշեց Լեհաստանի դեսպանը՝ հիշեցնելով, որ տնտեսական հարցերով հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովների միջև վերջին հանդիպումը տեղի է ունեցել 2018 թ. մարտի 18-ին:

  • Կիսվել: