երկուշաբթի, հոկտեմբեր 26
26 / 10 / 2026
ԵՄ և Պարսից ծոց հայկական արտահանումն աճել է․ Միրզոյան

ԵՄ և Պարսից ծոց հայկական արտահանումն աճել է․ Միրզոյան

Հայաստանից Եվրամիություն և Պարսից ծոցի երկրներ արտահանման ծավալներն աճում են, հայտարարել է ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի (ԱԳՄԱ) նախարար Արարատ Միրզոյանը՝ Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում անցկացված «Բիզնես և կենսաբազմազանություն» ֆորումում։

Նախարարը արտահանման աճի կոնկրետ ցուցանիշներ չի ներկայացրել։ Միրզոյանը շուկաների դիվերսիֆիկացումն անվանել է Հայաստանի տնտեսական դիմակայունության ապահովման ռազմավարություն՝ ընդգծելով մեկ շուկայից կախվածությունը նվազեցնելու անհրաժեշտությունը։

«Մեզ համար, և կարծում եմ՝ մեր օրերում շատերի համար, դիվերսիֆիկացումը դիմակայունության ապահովման ռազմավարություն է. բազմաթիվ գործընկերներ ունեցող երկիրը չի կարող կախվածության մեջ հայտնվել որևէ առանձին շուկայից»,- ասել է նախարարը։

Նրա ներկայացրած տվյալներով՝ Հայաստանի տնտեսական ակտիվությունը 2026 թվականի հունվար-հուլիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 7,7%-ով, իսկ միայն հուլիսին՝ 17%-ով։ Միրզոյանը նաև հայտնել է, որ S&P վարկանիշային գործակալության տվյալներով՝ 2022-2025 թվականներին Հայաստանի տնտեսական աճը տարեկան միջինում կազմել է 7,8%։

Միրզոյանի հայտարարությունը հնչել է Ռուսաստանում հայկական արտադրանքի ներմուծման նկատմամբ սահմանափակումների կիրառման և Երևանի ու Մոսկվայի միջև եվրաինտեգրման հարցով տարաձայնությունների ֆոնին։ 2025-ի ապրիլին Հայաստանի կողմից Եվրամիությանն անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենք ստորագրելուց մեկ ամիս անց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Հայաստանը պետք է հնարավորինս շուտ կողմնորոշվի ԵՄ-ին կամ Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) անդամակցելու հարցում։ 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 2-ին ԵԱՏՄ շրջանակում բարձրացրել էր հայկական ապրանքների արտահանման և տարանցման խոչընդոտների հարցը՝ հայտնելով, որ դրանց վերացման ուղղությամբ էական առաջընթաց չկա։

Ավելի ուշ ԵԱՏՄ 4 երկիր զեկույց էին հրապարակել՝ նշելով, որ Հայաստանի ԵԱՏՄ անդամակցության կասեցման դեպքում երկրի ՀՆԱ-ն կարող է կրճատվել 15,6%-ով, արտահանումը՝ 41,6%-ով, ներմուծումը՝ 27,1%-ով, իսկ ռուսական գազի գինը կարող է աճել շուրջ 69%-ով։ Միրզոյանը հոկտեմբերի 21-ին հայտարարել էր, որ ՀՀ-ն ուսումնասիրում է զեկույցը։ 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: