WSJ. ԱՄՆ-ն Վիկտոր Օրբանին առաջարկել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը. Ռուսաստանն ու Չինաստանը աջակցում են
Դոնալդ Թրամփի վարչակազմն առաջարկել է Հունգարիայի նախկին վարչապետ Վիկտոր Օրբանի թեկնածությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով երեք երկրների իր աղբյուրներին։
ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցչի գնահատմամբ՝ Օրբանը կարող է առանց լուրջ դժվարությունների ստանալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 15 անդամներից առնվազն ութի աջակցությունը։ Ամերիկացի պաշտոնյան իրատեսական է համարել նաև տասը ձայն ստանալու հնարավորությունը։
Պետդեպարտամենտի ներկայացուցիչը Օրբանին բնութագրել է որպես «երազանքի թեկնածու» Դոնալդ Թրամփի MAGA շարժման պահպանողականների համար։ Դա պայմանավորված է զանգվածային ներգաղթի սահմանափակման, լիբերալ հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև Հունգարիայի դատական համակարգի և լրատվամիջոցների նկատմամբ Օրբանի վարած քաղաքականությամբ։
Ըստ WSJ-ի՝ Օրբանի թեկնածության գաղափարին աջակցում են նաև Ռուսաստանն ու Չինաստանը։ Ամերիկացի և մեկ այլ երկրի պաշտոնյաներ նշել են, որ երբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երեք մշտական անդամները՝ ԱՄՆ-ն, Ռուսաստանն ու Չինաստանը, որևէ հարցում ընդհանուր դիրքորոշում ունեն, սովորաբար կարողանում են հասնել իրենց նպատակին։
Ամերիկացի պաշտոնյաներն արդեն կապ են հաստատել Օրբանի հետ՝ պարզելու, թե արդյոք նա հետաքրքրված է այդ պաշտոնով։ Հունգարիայի նախկին վարչապետը հայտնել է, որ պատրաստ է քննարկել առաջարկը, սակայն չի առաջադրի իր թեկնածությունը, եթե վստահ չլինի ընտրվելու հնարավորության հարցում։
Օրբանը հրաժարվել է մեկնաբանել տեղեկությունը։



