երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Եթե Ֆրանսիայի միջնորդությունը Ադրբեջանին դուր չի գալիս, այդտեղ էլ լուծում կա, եկեք հնգակողմ անենք. Փաշինյան

Եթե Ֆրանսիայի միջնորդությունը Ադրբեջանին դուր չի գալիս, այդտեղ էլ լուծում կա, եկեք հնգակողմ անենք. Փաշինյան

Եթե Ֆրանսիայի միջնորդությունը, քառակողմ տրամաբանությունը Ադրբեջանին դուր չի գալիս, այդտեղ էլ լուծում կա, եկեք հնգակողմ անենք, եկեք Գերմանիային էլ հրավիրենք, ԱՄՆ-ին էլ հրավիրենք, մենք պատրաստ ենք: Այս մասին իր մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Բրյուսելի ֆորմատին էլ ենք պատրաստ իմ ասած սկզբունքի հիման վրա, որ արդեն ձեռք բերված պայմանավորվածությունները սկսենք իրագործել: Մենք պատրաստ ենք հետագա բանակցային գործընթացին»,-ասաց նա:

Փաշինյանը նշեց, որ այս պահին Ադրբեջանի նախագահի հետ հանդիպում նախատեսված չէ, բայց ինքը երբեք չի խուսափել հանդիպումից. «Բայց պետք է լինեն երաշխիքներ պայմանավորվածությունների կատարման մասին: Մյունխենում ասվեց, որ պետք է քննարկենք անվտանգությունն ու երաշխիքները, երկու հանդիպումից հետո դարձավ ինտեգրացիա: Այս բառերի մեջ կիլոմետրերով տարբերություն կա: Եթե Ադրբեջանը այս բանակցություններն օգտագործում է էսկալացիաներ արդարացնելու համար, դա ընդունելի տարբերակ չէ մեզ համար: Բանակցությունները պետք է կայունության երաշխիք դառնան»,-ընդգծեց նա:

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին, Փաշինյանը միայն նշեց. «Մենք հույս ունենք, որ այն պայմանավորվծությունները, որ ձեռք են բերվել դեռեւս հուլիսին, դրանք կկատարվեն: Խոսքը առնվազն երրորդ երկրների քաղաքացիների համար Հայաստան-Թուրքիա սահմանը բացելու մասին է»:

  • Կիսվել: