երեքշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2024
Դպրոցը ջեմ սարքողի ու բուլկի թխողի համար չէ, ուսուցչի համար էլ չէ, այն երեխայի համար է. Նիկոլ Փաշինյան

Դպրոցը ջեմ սարքողի ու բուլկի թխողի համար չէ, ուսուցչի համար էլ չէ, այն երեխայի համար է. Նիկոլ Փաշինյան

Մենք պետք է մի շատ սկզբունքային որոշում կայացնենք՝ ո՞ւմ համար է դպրոցը: Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Երբ քաղաքացիներից ստացած նամակներն ամփոփում եմ, երբեմն կարող եմ տպավորություն ստանալ, որ դպրոցը հաշվապահների համար աշխատատեղ է, տնտեսվարների համար աշխատատեղ է, դպրոցը, կներեք, մաքրուհիների համար աշխատատեղ է, ընդհուպ՝ ուսուցիչների համար աշխատատեղ է, գյուղի համար կարևոր ենթակառուցվածք է: Ես եկել եմ եզրակացության, որ մենք այս բոլոր հարցերին պետք է պատասխանենք «ո՛չ», որովհետեւ դպրոցը երեխայի համար է։

Այն ընկալումը, որ մենք դպրոց ենք ստեղծել, որ աշխատատեղ լինի, դա սխալ ընկալում է: Միգուցե աշխատատեղ ստեղծելու համար պետք է ստեղծենք շինվերանորգման արտադրամա՞ս։ Ցանկացած տեղ, երբ մենք կասկածի տակ ենք առնում ՀՀ բոլոր երեխաների համար նույն և բարձր մակարդակի, ոչ միայն իրավունքը, այլև դրա հնարավորությունը, գնում ենք սխալ ճանապարհով»,-ասաց Փաշինյանը:

Նա նկատեց, որ վերջերս հաճախ հանդիպում է այսպիսի հարցադրման. «Խնդրում ենք գյուղի դպրոցը չփակել», և հիմնականում  նման շեշտադրում արվում են այն գյուղերում, որտեղ կան փոքրաթիվ՝ 5, 7 ,10, 20 աշակերտներով դպրոցներ:

Փաշինյանը պնդեց, որ չեն փակում գյուղի դպրոցը, այլ մի քանի գյուղի համար նոր դպրոց են կառուցում. «Ոչ ոք չի ասել, որ գյուղի դպրոցը պետք է լինի գյուղապետարանի շենքի հետևում: Պետք է նորոգենք դպրոց տանող ճանապարհները,  ձեռք բերենք տրանսպորտային միջոցներ, որոնք երեխաներին կտանեն դպրոց, երեկոյան կբերեն: Այն ընկալումը, որ դպրոցը գյուղի ենթակառուցվածք է, սխալ ընկալում է:

Շատ գյուղերում ասում են, եթե դպրոցը փակվի,  գյուղը կդատարկվի, բայց իրականում այս ամենը գյուղի զարգացման մասին է և ոչ հակառակը: Մենք երբեք չենք անդրադառնում այն թեմային, որ երեխան, մինչև բանակ գնալը, 20 հոգուց ավելի միջավայրի հետ շփվելու  փորձը  չունի, մենք իրեն հանում, տանում ենք 500 հոգանոց միջավայր ու թե սա ի՞նչ իրավիճակ կարող է բերել, շատերը չեն պատկերացնում:

Այսօր պետք է  այս արձանագրումը անենք՝ դպրոցը բուլկի թխողի համար չէ, ջեմ, հաց արտադրողի համար չէ, դպրոցը էլեկտրիկի, սանտեխնիկի  համար չէ, այն նույնիսկ ուսուցչի ու տնօրենի համար չէ ու նաև  ընտրատեղամաս չէ, դպրոցը երեխայի համար է:

Բայց մեր իրականության մեջ մենք հակառակն ենք տեսնում, այդ շարքի մեջ երեխաները վերջին տեղում են, և երեխաներին մատուցվող ծառայությունների մասին՝ եթե ոչ դե յուրե, կենացների մակարդակով, այլ իրականության մեջ հաճախ մոռանում ենք, որովհետև նախորդ օրը շատ ենք խմած լինում, հաջորդ օրը մոռանում ենք»,- ասաց Փաշինյանը։

  • Կիսվել: