Անվտանգությունը այն է, որ եթե ՀՀ-ում անկայունություն լինի, մի երկրի սուպերմարկետում մի դարակաշար դատարկ մնա. Փաշինյան
Աշխարհում մաքսիմում 2, գուցե երեք պետություն կա, որ կարող է ասել՝ ես իմ անվտանգությունը կարող եմ ապահովել: Այս մասին, այսօր Համաշխարհային հայկական գագաթնաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Անվտանգության ապահովման կարեւորագույն գործիք են տնտեսական փոխկապակցվածությունները: Մենք ինչքան քիչ երկրի հետ ունենք տնտեսական փոխկապակցվածություն, այնքան ավելի մեծ սպառնալիքի տակ է մեր անվտանգությունը:
Կարող է ցինիկ հնչել, բայց ես հարց եմ դնում՝ իսկ ո՞ր երկրի սուպերմարկետում ապրանքի դեֆիցիտ կլինի, եթե ՀՀ հետ մի բան պատահի: Անվտանգությունը մենք անընդհատ պատկերացնում ենք տանկով, բայց եթե բանը հասել է տանկի կիրառմանը, ուրեմն անվտանգության ապահովման հարցը ձախողվել է: Անվտանգությունը էն ա, որ եթե ՀՀ-ում անկայունություն լինի, մի ինչ-որ մի շատ կարեւոր երկրի կարեւոր սուպերմարկետում գոնե մի դարակաշար դատարկ է մնալու: Այստեղից է անվտանգության սպառնալիքը: Մարդիկ պետք է իմանան, որ այդ դարակաշարը կդատարկվի եւ այդ երկրում դրա պատճառով կարող է քաղաքական խնդիրներ առաջանան, հուզումներ լինեն: Այ էդ դեպքում կմտածեն, որ Հայաստանում պետք է որեւէ բան չպատահի, որ մեր բլիթների լոգիստիկային որեւէ բան չխանգարի»,- հայտարարեց Փաշինյանը: