կիրակի, հունիս 30
30 / 6 / 2024
Առնվազն մի շարք սահմանամերձ գյուղերում եռուզեռն առկա է, ինչի համար մենք ուրախ ենք. Փաշինյան

Առնվազն մի շարք սահմանամերձ գյուղերում եռուզեռն առկա է, ինչի համար մենք ուրախ ենք. Փաշինյան

Ներկայացվող նախագծով առաջարկվում է փոփոխություններ և լրացումներ կատարել ՀՀ սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման աջակցության 2022-2025 թվականների ծրագրում և կարգում: Ինչպես գիտենք, ծրագրի գործնական փուլ մտնելուց հետո մենք ունենք բավականին մեծ դիմելիություն, և այս պահի դրությամբ Միասնական սոցիալական ծառայության կողմից հաստատվել են ավելի քան 1330 շահառուների հայտեր, որոնցից միայն 1080-ը՝ 2024 թվականին, և սա այն դեպքում, երբ մենք կանխատեսել էինք, որ 2024-ին կունենանք շուրջ 550 հայտ: Տավուշի մարզում եղել է 809, Սյունիքում՝ 167, Վայոց ձորի մարզում՝ 167, Գեղարքունիքում՝ 85, Արարատի մարզում՝ 106 հայտ:

850-ի հետ արդեն կան հիփոթեքային վարկավորման պայմանագրեր, և տրամադրվել են վարկերը. մնացածը գտնվում են ամենատարբեր փուլերում: Այդ մասին Կառավարության նիստի ժամանակ ասաց ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը:

«Ծրագրի նպատակայնությունը գնահատելու համար մենք պայմանավորվել էինք, որ հընթացս կիրականացնենք ուսումնասիրություն՝ հասկանալու համար, թե ինչ փոփոխությունների անհրաժեշտություն ծրագրում կարող է առաջանալ: 2024 թվականի ապրիլի 1-ի դրությամբ 603 ընտանիքների մասով ուսումնասիրություն է կատարվել, և արդյունքները ցույց են տալիս, որ, օրինակ՝ թվով 292 շահառու ամուսինների գումարային տարիքը գերազանցում է 80-ը, որոնցից 137-ը չունեն երեխա, շահառուներից 107-ը քաղաքաբնակ են, իսկ 496-ը՝ գյուղաբնակ, բայց դրանից՝ քաղաքաբնակներից 36-ն են հաշվառված Երևան քաղաքում: Սա նշանակում է, որ դեռևս ռիսկային չէ շահառուների հաշվառման վայրի նկատմամբ սահմանափակումներ չկիրառելը: Ելնելով այս ուսումնասիրություններից՝ մենք առաջարկում ենք ծրագրում կատարել փոփոխություններ, մասնավորապես՝ սահմանել ամուսինների գումարային տարիքի առավելագույն շեմը 75 տարի կամ տարիքային շեմը գերազանցելու դեպքում առնվազն 1 անչափահաս երեխայի առկայությունը դարձնել պարտադիր: ՀՀ քաղաքացի լինելու պայմանը կիրառել շահառու ընտանիքի բոլոր անդամների վրա: Շահառու համարել նաև ամուսնուն կորցրած՝ մահացած կամ զոհված, և առնվազն 1 անչափահաս երեխա ունեցող միայնակ ծնողին, և Տավուշի մարզի Բաղանիս, Բերքաբեր, Կիրանց և Ոսկեպար բնակավայրերում անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով տրամադրվող հիփոթեքային վարկերի դեպքում տալ 5 մլն հավելում, ինչը լրացուցիչ կխրախուսի նշված բնակավայրերում կառուցապատում իրականացնելը: Այդ բնակավայրերում արդեն վարկավորվածների համար առաջարկվում է մինչև 5 մլն դրամի վերանորոգման հիփոթեք: Այս պահի դրությամբ Բերքաբերում ունենք 39 հաստատված հայտ, Ոսկեպարում՝ 3, Կիրանցում՝ 18, և Բաղանիսում՝ 5»,- ասաց նախարարը:

Նա տեղեկացրեց, որ նախագծով առաջարկվում է շահառուների նոր շրջանակին վերաբերող փոփոխություններն ուժի մեջ դնել սույն թվականի օգոստոսի 1-ից: Նաև առաջարկվում է մինչև 2000 հայտը բավարարելուց հետո մի փոքր դադար վերցնել, ուսումնասիրել խնդիրները, վերլուծություն կատարել, այնուհետև շարունակելու որոշում կայացնել:

«Մեր հիմնական խնդիրը և նպատակը եղել է սահմանամերձ գյուղերում որոշակի աշխուժություն, եռուզեռ մտցնելը, և առնվազն մի շարք գյուղերում այդ եռուզեռն առկա է, ինչի համար մենք ուրախ ենք»,- ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

  • Կիսվել: