հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Երբ ակնհայտ դասալիքները մեղադրում են Սամվել Բաբայանին դավաճանության մեջ, հարց է ծագում՝ որտեղ էին նրանք երկրի համար բախտորոշ ժամին. Բաղունց

Երբ ակնհայտ դասալիքները մեղադրում են Սամվել Բաբայանին դավաճանության մեջ, հարց է ծագում՝ որտեղ էին նրանք երկրի համար բախտորոշ ժամին. Բաղունց

ԱՀ Ազգային ժողովի «Միասնական հայրենիք» խմբակցության ղեկավար Գագիկ Բաղունցը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ երբևէ չի մտածել, թե ստիպված կլինի հայրենասիրության թեմայով քննարկում ծավալել դասալիքների հետ:

Հայտարարությունը՝ ստորև.

՛՛Երբևե չէի մտածում, որ ստիպված կլինեմ հայրենասիրության թեմայով քննարկում ծավալել դասալիքների հետ, բայց... պարտավորված եմ անել դա, քանզի ամեն գնով իշխանական վերնախավում տեղավորվելու մղմամբ, «նպատակն արդարացնում է միջոցները» սկզբունքով առաջնորդվող քաղաքական խմբավորումները, կանգ չառնելով ոչնչի առջև, այլևս թիրախավորել են ազգային արժեքներն ու կորստի ցավից տնքացող ժողովրդի հոգեբանությունը:

Երբ ակնհայտ դասալիքները մեղադրում են «Միասնական հայրենիք» կուսակցության առաջնորդ Սամվել Բաբայանին դավաճանության մեջ, ակամայից հարց է ծագում, թե որտեղ էին նրանք երկրի համար բախտորոշ ժամին, երբ Ադրբեջանի թիվ մեկ թշնամի հայտարարված Սամվել Բաբայանի ղեկավարությամբ հայոց պատմության վերջին երկուհազարամյակի ընթացքում առաջին անգամ վերականգնվեց մեր պատմական հայրենիքի տարածքային ամբողջականությունը, արդյունքում նույն Սամվել Բաբայանի ստորագրությամբ փաստաթուղթը միակ փաստացի քաղաքական-դիվանագիտական ձեռքբերումն է` 1994-ից ի վեր:

Զարմանում եմ, երբ պատերազմը երևանյան իրենց բնակարաններում անցկացրած ընդդիմադիր գործընկերները ինձ` «Միասնական հայրենիք» կուսակցության փոխնախագահիս, մեղադրում են ոչ բավարար հայրենասիրության մեջ, վերագրում 44-օրյա պատերազմի պարտություն այն դեպքում, երբ պատերազմի 44 օրերն անցկացրել եմ առաջնագծի և մարտական դիրքերի տարբեր հատվածներում: Զարմանում եմ, երբ ամեն գնով իրենց որդիներին պատերազմի հնարավոր մասնակցությունից փախցրած մարդիկ (ինչն, ի դեպ, մատուցվում է որպես ազգի գենետիկ ֆոնդը փրկելու ազգային նախագիծ) իրենց հայրերի, եղբայրների և որդիների հետ հայրենիքի պաշտպանությանը մասնակցած մեր համակուսակիցներին մեղադրում են ինչ-ինչ դավաճանական քայերի մեջ: Դա առնվազն ստորություն է:

Եվ վերջապես, այդ մեղադրանքներից մեկի` ադրբեջաներենի և ադրբեջանցի փախստականների ու ներքին տեղահանվածների մասին. 2020թ. նոյեմբերի չարաբաստիկ եռակողմ համաձայնագրի ստորագրումից օրեր անց «Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավար կազմի կողմից իրականացվել էր վերլուծական աշխատանք, ի մի բերվել 90-ականներից մինչև մեր օրերը հայկական կողմին պարտադրված և մեզ համար անընդունելի պահանջները` ՄԱԿ-ի բանաձևերը, ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջին առաջարկները (Կազանյան փաստաթուղթ, Մադրիդյան սկզբունքներ, Լավրովյան պլան և այլն), ինչպես նաև միջազգային իրավունքի հայտնի սկզբունքները: Հիմք ընդունելով բանակցային գործընթացի այդ փուլի շեշտադրումները, 44-օրյա պատերազմի արդյունքում ստեղծված իրավիճակը, «Միասնական հայրենիք» -ը թղթին է հանձնել ստեղծված իրավիճակից ելքի ճանապարհային քարտեզի իր տեսլականը, այսպես ասած` «բալվանկան»:

Որպես աշխատանքային տարբերակ այն ներկայացվել է ԱՀ Ազգային ժողովի բոլոր խմբակցություններին ոչ թե որպես վերջնագիր, այլ որպես քննարկման և խմբագրման ենթակա փաստաթուղթ, որի հիմնական նպատակն էր արդի սպառնալիքների և մարտահրավերների հաղթահարմամբ Արցախի Հանրապետության սուբյեկտայնության պահպանումը` Մայր Հայաստանի հետ վերջնական վերամիավորման հեռանկարով: «Միասնական հայրենիք» կուսակցությանը հերքում է արտաքին ուժերի ուղղորդմամբ և ներքին ուժերի ձեռամբ մեզ վերագրվող ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում հայ ժողովրդի համար անընդունելի և նրա շահերը երկրորդող գործողությունների օժանդակումը: Իբրև վերջաբան, մի քանի հարց «Արցախի թրքացմամբ» «հուզված» ամբոխավարներին.

- Ադրբեջաներենի և ադրբեջանցի փախստականների ու ներքին տեղահանված անձանց վերաբերյալ հարցը բանակցային գործընթացի պարտադիր քննարկման բաղադրիչ է եղել բոլոր ժամանակներում, երբ դուք եղել եք կա´մ իշխանություն,´ կամ իշխանության կցորդ: Ինչու՞ այն ժամանակ ձեզ չի հուզել «Արցախի թրքացումը»:

- Ներկայացված նախագծի կոնտեքստից կտրված ադրբեջաներենի և ադրբեջանցի փախստականների ու ներքին տեղահանված անձանց հարցը ինչու՞ է ասպարեզ նետվել միայն յոթ ամիս անց և շահարկվում է նախընտրական փուլում:

Սիրելի´ հայրենակիցներ, այս հարցերի պատասխանները մտածելու տեղիք պիտի տան և հիմք հասկանալու, որ ընդդիմություն խաղացողները հայաստանյան իրադարձությունների ֆոնին ծառայություն են մատուցում ֆավորիտ թեկնածուներին` այդպիսով ապահովագրելով իրենց հետագա գործունեությունը Արցախում՛՛:

  • Կիսվել: