Արսեն Բաբայանը մանրամասներ է հայտնել իրեն ու ընկերներին բերման ենթարկելու դեպքից (տեսանյութ)
Այս ձերբակալության դեպքը նույն ձեռագրով արդեն չորրորդն է, նույն ավտոմեքենայում գտնվող նույն անձանց արդեն չորրորդ անգամ կասկածում են ապօրինի զենք կրելու մեջ։ Այս մասին քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց իրավապաշտպան Արսեն Բաբայանը՝ անդրադառնալով այսօր իրեն ու ընկերներին ոստիկանություն բերման ենթարկելու դեպքին։
Նրա խոսքով՝ դա ծիծաղելի էր որոշ ժամանակ, բայց այսօր դարձել է բավականին վտանգավոր մի երևույթ, քանի որ բազմաթիվ քաղաքացիներ, այդ թվում նաև Սրբազան շարժման մասնակիցներ այդ կասկածանքով բերման են ենթարկվել ոստիկանության բաժիններ։
«ՆԳՆ քրեական ոստիկանությունը որոշել է ընդդեմ օրենքի գործողություններ կատարել։ Ինչո՞ւ եմ շեշտում հատուկ ՆԳՆ, քանի որ այդ իրադարձությունները տեղի են ունեցել նոր նախարար նշանակվելուց հետո։
Դուք առիթ եք ունենալու տեսնելու շատ ծիծաղելի ու զավեշտալի իրադարձություններ։ Այս ձերբակալությունն ունի նախաբան, կեսօրից սկսած ոստիկանությունը «Հայրենիք» կուսակցության շենքի դիմաց տեղակայել էր, այսպես ասած, պոստեր։ 7-րդ վարչության, քրեական ոստիկանության միջոցով իրականացնում էր մեզ հետևելու գործընթաց։ Մենք դա ֆիքսել էինք, նրանց շարժը հսկում էինք, տեսնում էինք, առնվազն ես գիտեի, որ պետք է իրականացնեին այն ձերբակալությունը, որն իրականացրեցին։ Ես այն մեքենայում էի, որը տեղափոխեցին ոստիկանության բաժին, որը ոստիկանությունը ներկայացրել էր իր աղբյուրներով։ Հենց այդ պատճառով էի այդ մեքենայում, քանի որ գիտեի, որ այդ մեքենան պետք է տեղափոխեն, դրա մեջ եղած անձանց ձերբակալեն, ոստիկանությանն անակնկալի բերեցինք, երբ նրանք տեսան, որ ես էլ եմ գտնվում այդ մեքենայում»,-ասա Բաբայանը։
Նշենք, որ այսօր երեկոյան փաստաբան Արսեն Բաբայանը հայտարարեց, որ իրեն ու ընկերներին քրեական ոստիկանությունը ձերբակալել է ու տեղափոխում է ոստիկանություն։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրանց ոստիկանություն են տեղափոխում ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով։
Հիշեցնենք, որ Արսեն Բաբայանն ազատ է արձակվել, իսկ նրա հետ եղած երկու անձինք ձերբակալվել են։