30 տարվա իմ ընտանիքի անդամն այսօր Նիկոլ Փաշինյանին է աջակցում․ Գագիկ Ծառուկյանը՝ Էդուարդ Բաբայանի մասին
Մեկ ամիս առաջ ենք որոշել, որ այսօր հանրահավաք ենք անելու, ես այսքան մարդուն ու՞ր թողնեմ գնամ: Այս մասին հանրահավաքից առաջ լրագրողների հետ զրույցում ասել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ խոսելով այն մասին, որ չի մասնակցելու այսօր կայանալիք նախընտրական մեծ բանավեճին։
Խոսելով Էդուարդ Բաբայանի հետ հարաբերությունների մասին՝ Ծառուկյանն ասել է. «Ինքը Նիկոլ Փաշինյանին է աջակցում, էդքանը թող հանրությունը իմանա, 30 տարվա իմ ընտանիքի անդամն այսօր Նիկոլ Փաշինյանին է աջակցում, հարկ չեմ համարել իր հետ խոսել»
Անդրադառնալով ընտրություններին՝ նա նշել է. «Մարդը պետք է շրջի գյուղերով, տարածքներով, վարչական շրջաններով, որ տեսնի՝ ժողովրդի ուզածն ի՞նչ է, ի՞նչ է ժողովուրդը սպասում։ Այդ ժամանակ արդեն արդարացի կլինի։ Ես բոլոր տեղերը շրջելով, լսելով, հասկանալով արձանագրել ենք հիմնական ժողովրդի խնդիրներին և խոստացել ենք դրա լուծումները գտնել։ Այս 8 տարվա ընթացքում ոչ մի լավ բան չի արվել, բացի սուտ ասելուց, խաբելուց։ Ժողովրդի գլխին պատերազմ սարքելով, զոհեր տալով, հողեր հանձնելով, գերիներ թողելով, ժողովրդին վարկերի տակ, պարտքերի տակ, տույժ-տուգանքներով, գույքահարկ ավելացնելով՝ այսօր ժողովուրդը փոփոխություն է ուզում։
Սենց ընտրություն պատմության մեջ չի եղել՝ վախի մթնոլորտ, մարդկանց բռնեն, տանեն վախեցնեն, չի եղել։ Սա ժամանակավոր բնույթ է կրում։ Իրենց ոտի տակից հողը գնում է, սա պահելը անհնար է։ Այս վերջի մեկ ամսվա քարոզարշավի ընթացքում արդեն նկատել է, որ վիճակը բարդացել է»։


