Չբացառելով, որ «Իմ քայլի» եւ մնացած ուժերի վարկանիշն իջել է, բայց այսօր վարչապետն ունի ամենաբարձր վարկանիշը․ Սիմոնյան
Երբ որ մեր գործընկերները պատրաստ կլինեն քննարկել արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցը, մենք կքննարկենք այդ քննարկումը վերսկսելու հարցը, քանի դեռ պատրաստ չեն, «Իմ քայլը» ունի իր վարչապետին: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը։
Դիտարկմանը՝ եթե իշխանությունը հրաժարվում է արտահերթ ընտրություններ անցկացնել եւ փակում է սահմանադրական ճանապարհով իշխանափոխության ճանապարհը, չի՞ կարծում, որ իրենց ավելի վատ բաներ են սպասվում, Սիմոնյանը նշեց․
«Ես կասկածում եմ, որ դուք ներկայացնում եք հանրության մեջ տիրող տրամադրությունը: Դուք կոնկրետ ինչ-որ շրջանակի տրամադրություն եք մեջբերում: Ինչ վերաբերում է արտահերթ ընտրություններին, ապա հենց մենք ենք առաջարկել այդ գաղափարը, իսկ ընդդիմությունը մերժել է»,-ասաց նա:
Հարցին, թե արդյոք իր որոշմամբ իշխանությունը չի փակում սահմանադրական ճանապարհով իշխանափոխություն իրականացնելու հնարավորությունը, Ալեն Սիմոնյանը պատասխանեց.
«Այսինքն երբ մենք առաջարկում էինք արտահերթ ընտրությունների գնալ եւ ընդդիմությունը դա մերժում էր, դրանով չէր փակվո՞ւմ սահմանադրական ճանապարհը: Ըստ էության, ընտրված իշխանությունը չունենալով արտահերթ ընտրություններ անցկացնելու ընդդիմության պահանջ, հայտարարում է, որ եթե նման պահանջ չկա, մենք շարունակում ենք աշխատել, դա հակասահմանադրակա՞ն է:
Ես լսել եմ ընդդիմության առաջարկը՝ թող Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա:
Ես էլ ասում եմ՝ թող իրենք բոլորով հրաժարական տան, որովհետեւ ոչ մի կապ չունեն ՀՀ ժողովրդի հետ: Այո, վարչապետն այսօր ունի ամենաբարձր քաղաքական վարկանիշը առկա քաղաքական գործիչներով: Չբացառելով, որ «Իմ քայլի,» եւ մնացած ուժերի վարկանիշը որոշակի առումով իջել է, բայց ես պնդում եմ, որ այսօր վարչապետն ունի ամենաբարձր վարկանիշը»:


